Լաստանավային հաղորդակցությունը, որը պետք է այլընտրանքը լիներ Վերին Լարսի անցակետի և հնարավորություն տար հայկական բեռները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան, գործարկվել և աշխատել է մի քանի ամիս, բայց արտահանողների և ներմուծողների շրջանում բավարար հետաքրքրություն չի առաջացրել:
Հայկական «Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 8-ի ասուլիսում դրա մասին ասել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարն ասել է՝ Հայաստանն աշխատում է արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ. «Մենք լաստանավային ուղղությունը որոշ ժամանակ աշխատեցրինք, սակայն զարգացումները ցույց տվեցին, որ մեր հիմնական ջանքերը պետք է ուղղենք այլ երկրներ արտահանումն ակտիվացնելու ուղղությամբ»:
Ըստ նախարարի՝ լաստանավն աշխատել է մի քանի ամիս: «Մեր գնահատմամբ՝ այն չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների և ներմուծողների մոտ: Եվ մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերություններն օգտագործում են այդ լաստանավն այնպես, որ մենք ինքներս մեզ և մեր գործընկերներին համոզենք այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ»,- ասել է Քերոբյանը:
Ի դեպ, 2023 թվականի մայիսին հայկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանը սկսել է բեռնափոխադրումներ կատարել դեպի Ռուսաստան ծովային ճանապարհով և այդ նպատակով օգտագործում է Բաթումի-Նովոռոսիյսկ-Բաթումի երթուղին։
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտարարել է, որ «սա կանոնավոր երթուղի չէ և ամբողջովին կոմերցիոն բնույթ ունի, որն իրականացվում է համակարգված»։
Հայ բեռնափոխադրողների այլընտրանքը. ՌԴ-Վրաստան լաստանավային ուղին