Հանրային ռեգիստրի ազգային գործակալության կայքի քաղաքական միավորումների (կուսակցությունների) ռեգիստրում հրապարակվել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ի 2023 թվականի դեկտեմբերի 30-ի յոթերորդ արտահերթ համագումարի հաստատած փոփոխությունները:
Ըստ փոփոխությունների` կուսակցության կառույցին ավելանում է նաև կուսակցության պատվավոր նախագահը։ Ըստ կանոնադրության՝ կուսակցության համագումարը կարող է կուսակցության պատվավոր նախագահ ընտրել «երկրի և կուսակցության համար առանձնահատուկ վաստակ ունեցող անձի»։
Նույն փաստաթղթի համաձայն, կուսակցության պատվավոր նախագահը կուսակցության գլխավոր քաղաքական խորհրդականն է։ Նոր կանոնադրությունը սահմանում է քաղխորհրդի գործառույթները, որոնց թվում փաստաթղթում նշվում է, որ քաղխորհրդում ընդգրկված են կուսակցության պատվավոր նախագահը, կուսակցության նախագահը և կուսակցության համագումարի կողմից ընտրված 15 անդամներ։
Ըստ կանոնադրության՝ քաղխորհրդի նիստը հրավիրում է կուսակցության պատվավոր նախագահը կամ կուսակցության նախագահը սեփական նախաձեռնությամբ կամ քաղխորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով։
Նոր կանոնադրության համաձայն, քաղխորհուրդը «հաստատում է Վրաստանի վարչապետի թեկնածությունը՝ կուսակցության պատվավոր նախագահի առաջադրմամբ»։ Բացի այդ, կուսակցության պատվավոր նախագահը կարող է հրավիրել նաև արտահերթ համագումար։
«Կուսակցության արտահերթ համագումար կարող է հրավիրվել կուսակցության պատվավոր նախագահի, կուսակցության նախագահի կամ քաղխորհրդի որոշմամբ»,- նշված է փաստաթղթում։
Ի դեպ, Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի 30-ին «Վրացական երազանք»-ի համագումարում ընտրվել է կուսակցության պատվավոր նախագահ և հայտարարել քաղաքականություն վերադարձի մասին: