Վերջին 2 շաբաթվա ընթացքում Վրաստանում գրիպի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը կրկնապատկվել է, netgazeti.ge լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Չխաիձեի խոսքով, երկրում գրիպի վիրուսի վիճակագրությունը վերընթաց կորի վրա է։ Ըստ նրա՝ 2023 թվականի 49-րդ օրացուցային շաբաթում գրիպի հաստատված դեպքերը կազմել են 16 տոկոս, 2 շաբաթ անց այդ ցուցանիշը դարձել է 27 տոկոս:
Չխաիձեն նշել է՝ այս փուլում երկրում շրջում է ոչ թե սովորական սեզոնային, այլ գրիպի A տիպի վիրուսը, որը մեծ ուշադրություն է պահանջում։ Նրա խոսքով, գրիպը վարակիչ է, և վարակված երեխան կամ մեծահասակը վտանգավոր է մյուսների համար։ Չխաիձեն նշել է այն ախտանիշները, որոնց միջոցով հնարավոր է նույնականացնել գրիպի վիրուսը:
«38 և բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավ, հոդացավ, կոկորդի ցավ, հնարավոր է՝ հազ, ընդհանուր թուլություն, երեխաների մոտ` ախորժակի կորուստ, չափից ավելի քնկոտություն կամ դյուրագրգռություն. նման նախանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի»,- ասել է Չխաիձեն և հավելել՝ բարդություններից մեկը, որը կարող է առաջացնել գրիպի վիրուսը, թոքաբորբն է. դրա վտանգը մեծ է հատկապես 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում։
Ի դեպ, մասնագետները գրիպի և այլ վիրուսների կանխարգելման լավագույն միջոց են համարում պատվաստումը։