Այսօր՝ հունվարի 7-ին, վրաց ուղղափառ եկեղեցին նշում է եկեղեցական տոնացույցի ամենակարևոր տոներից մեկը՝ Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Այսօր ուղղափառ բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ։
Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է 2024 թվականի Սուրբ Ծննդյան նամակը: Տեքստում, ի թիվս այլ հարցերի, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը արձագանքել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմներին։ Նրա խոսքով, յուրաքանչյուրը, ըստ իր կարողության, պետք է հոգա խաղաղության ապահովման համար:
«Աշխարհը միշտ հակասական է եղել, բայց այսօրվա հակամարտություններից ու պատերազմներից իրական վտանգ կա, որ դրանցից որևէ մեկը կվերածվի համաշխարհային աղետի և կկործանի ողջ մարդկությունը։ Դրա համար մենք բոլորս, ըստ մեր հնարավորության, պետք է հոգ տանենք խաղաղության համար։ Թող Աստված խաղաղությամբ օրհնի Ուկրաինան, Մերձավոր Արևելքը և ողջ աշխարհը»,- նշված է նամակում։
Վրաստանի նախագահն ու վարչապետը ևս շնորհավորել են ուղղափառ քրիստոնյաներին, ովքեր հունվարի 7-ին նշում են Սուրբ Ծնունդը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր շնորհավորանքի ուղերձում գրել է. «Շնորհավորում եմ բոլոր վրացիներին և աշխարհի բոլոր ուղղափառ ընտանիքներին Սուրբ Ծննդի առթիվ։ Այսօր ճշմարտության, սիրո և բարության տոն է, որը լույս է բերել աշխարհին»:
Վարչապետը գրել է. «Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը սիրո և առաքինության տոն է, որին մենք տոնում ենք հավատքով և ապագայի ակնկալիքով։ Ցանկանում եմ ձեզ երջանկություն, ուրախություն և առաջընթաց մաղթել»:
Թբիլիսիում Սուրբ Ծննդյան կապակցությամբ անց է կացվել ավանդական «Ալիլո» երթը: Այն ամեն տարի կազմակերպվում է Սուրբ Ծննդյան օրը։ «Ալիլո» ավանդույթը Վրաստանում սկիզբ է առել դեռևս V-VI դարերից, սակայն վերականգնվել է միայն վերջին տարիներին: