«Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի քաղաքականություն վերադարձավ:
Իվանիշվիլին ընտրվել է «Վրացական երազանքի» համագումարի պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնի է դարձել կուսակցության համագումարի ընթացքում, որին մասնակցում էր շուրջ 350 պատվիրակ։
«Երեք տարի անց, իմ նախաձեռնությամբ, ես վերադառնում եմ քաղաքական կյանք՝ որպես կուսակցության պատվավոր նախագահ, ես քաղաքականություն չեմ եկել պաշտոնի համար»,- Համագումարի ժամանակ նշեց «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
Նրա խոսքով, քաղաքական պաշտոնի համար չի վերադարձել։
«Քաղաքականություն մտնելու որոշումը կայացրել եմ այն համոզմամբ, որ իմ քայլն ամենաշատը կծառայի երկրի և ժողովրդի շահերին։ Մեկ տարում ես հեռացա քաղաքականությունից այն համոզմունքով, որ ավարտեցի իմ առաքելությունը, և հանցագործները երբեք իշխանություն վերադառնալու հավակնություն չեն ունենա։ Սակայն, ինչպես պարզվեց ավելի ուշ, հանցավոր քաղաքական համակարգն ավելի խորը արմատներ ուներ, քան թվում էր առաջին հայացքից»,-նշեց Բիձինա Իվանիշվիլին։
Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում երկրի վարչապետ դառնալ: Վերջինս իր խոսքում անդրադարձ կատարեց «Վրացական երազանքի» պատմությանը, ինչից հետո խոսեց թիմի ներսում «դավաճանության ու կոռուպցիայի» մասին:
«Միակ բանը, որ չկարողացա կանխատեսել, դավաճանությունն էր երկրին և թիմին, որը Գիորգի Գախարիան կատարեց քաղաքականությունից հեռանալուցս մեկ ամիս անց»:
Իվանիշվիլին իր խոսքում փաստացի խոստովանեց, որ վերջին տարիների ընթացքում խորհրդատվություններ էր անցկացնում թիմի համար, ինչն ընդդիմությունը գնահատում է որպես Իվանիշվիլիի ոչ ֆորմալ կառավարում:
«Եթե ես խորհրդակցությունների միջոցով չօգնեի երկրին, ապա գործընթացները կզարգանային երկրի համար ամենադժվար սցենարով։ Դրանից հետո ես շփվել եմ կուսակցության 2-3 առաջնորդների հետ, ինչը նպաստել է թիմում առողջ իրավիճակի պահպանմանը»,- կուսակցության համագումարի ընթացքում նշեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է Իվանիշվիլին բացատրում օլիգարխի դերում երկրի իշխող կուսակցությունը պաշտոնապես ներկայացնելը, երբ ԵՄ պահանջներից մեկը Վրաստանի նկատմամբ հենց դեօլիգարխիզացիան է, վերջինս պատասխանում է.
«Իմ փաստաբանները մի քանի անգամ ասել են, որ իմ նկատմամբ պատժամիջոցներ կան կիրառված։ Ես փաստացի պատժվում եմ դե ֆակտո, ամենակոպիտ մեթոդներով, ամենակոպիտ ճանապարհներով: Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո մեկ ամսվա ընթացքում իմ ողջ ունեցվածքը սառեցվել է, և ինձ տանում են դատարան։ Իրականում ես պատժամիջոցների եմ ենթարկվել, և, հետևաբար, ընդդիմությունն իզուր է անհանգստանում և կոտրում բաց դռները, կոչ անելով ինձ պատժամիջոցների ենթարկել: Դրանք արդեն կիրառվել են, բայց ես լավ եմ: Տեսեք,վերադարձա քաղաքականություն՝ երկրին օգնելու համար»։