ԱՄՆ Պետդեպարտամենտն անօրինական է համարում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասի փոխանցումը Ռուսաստանին։
Մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Ռուսաստանին՝ պահպանել 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները։
«Միացյալ Նահանգները դատապարտում է Վրաստանի օկուպացված տարածքում հողերը Ռուսաստանին փոխանցելու անօրինական փորձերը: Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակական օկուպացումը խարխլում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ռուսաստանին կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները»,- accentnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Միլլերը։
Վրաստանյան քաղաքական դաշտում նոր սկանդալ է հասունացել: Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «խորհրդարանը» վավերացրել է «Ռուսաստան-Աբխազիա համաձայնագիրը», որն իր ստորագրությամբ հաստատել է դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան, ավելին՝ այստեղ: