Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն ասել է, որ ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին առաջնորդ Նիկա Մելիան, որ պատրաստվում է նոր ընդդիմադիր կուսակցություն հիմնել, «Լելո»-ի «ռազմավարական գործընկերը» կլինի: Այս մասին նա խոսել է TV Pirveli-ի «Ռեակցիա» հաղորդման ժամանակ։
«Իմ և Նիկայի միջև հարցումների ու տեղեկատվության փոխանակման գործընթացից բացի այլ խոսակցություններ չկան, մենք շփվում ենք, հաստատում ենք, որ ռազմավարական գործընկերներ ենք լինելու… Նպատակն այս կառավարության հրաժարականն ու կոալիցիոն կառավարություն բերելն է», – ասել է «Լելո»-ի առաջնորդը:
Ուշագրավ է, որ Մելիան դեկտեմբերի 7-ին ՄԱՇ–ի գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց, որ լքում է կուսակցությունը: Մելիան նախատեսում է նոր կուսակցություն հիմնել։
2021 թվականի ինքնակառավարման ընտրություններում Նիկա Մելիան Միացյալ ընդդիմության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու էր։ Այնուհետ նա ընտրողներին ներկայացրել է կոալիցիոն թիմը, իսկ փոխքաղաքապետի պաշտոնի թեկնածուներից անվանել «Լելո»-ի ղեկավար Մամուկա Խազարաձեին։
Ի դեպ, ՄԱՇ-ը լքել են Բաթումիի սակրեբուլոյի 7, Զուգդիդիի սակրեբուլոյի 14, Խոբիի սակրեբուլոյի 10, Ճիաթուրայի սակրեբուլոյի բոլոր հինգ անդամները: ՄԱՇ-ը լքած պատգամավորները չեն հրաժարվում մանդատներից և հայտարարում են, որ կշարունակեն աշխատել սակրեբուլոյում նոր խմբակցության անվան տակ։
ՄԱՇ-ում հակասությունները սկսվել են մոտ մեկ տարի առաջ, երբ ՄԱՇ-ի ներկայիս նախագահ Լևան Խաբեիշվիլին և նրա համախոհները հրապարակավ հայտարարեցին, որ անհրաժեշտ է կուսակցության նախագահի ընտրություններ անցկացնել։ Այն ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկա Մելիան համաձայնեց այս առաջարկին և ընտրություններում պարտվեց։