Աշակերտները բազային հմտություններից դժվարանում են

Վրաստանում աշակերտների 65-67 տոկոսը ոչ մի առարկայից չի անցել դժվարության երկրորդ մակարդակը, որը համապատասխանում է հիմնական (բազային) մակարդակի հմտություններին։ «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպությունը հրապարակել է աշակերտների գնահատման PISA միջազգային ծրագրի գնահատականը:

PISA-ն չափում է ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների գիտելիքները 15 տարեկանների շրջանում: Վրաստանից գնահատմանը մասնակցել է 267 դպրոցի 6583 աշակերտ։ Ըստ PISA–ի 2022 զեկույցի՝ ընթերցանության և մաթեմատիկայի բաղադրիչների արդյունքները վատթարացել են, 2018 թվականի գիտության ոլորտի հետ համեմատած բարելավվել են միայն մեկ կետով:

Աղջիկների արդյունքները բոլոր երեք բաղադրիչներում ավելի բարձր են, քան տղաների արդյունքները: Գրեթե հավասար են նաև այն աղջիկների և տղաների թվերը, ովքեր ունեն բարձր հմտություններ գիտության և ընթերցանության մեջ (դժվարության 5-6 մակարդակ), նրանց տեսակարար կշիռը տատանվում է 0,1-0,3 տոկոսի սահմաններում:

Հետխորհրդային երկրներից Վրաստանն առաջ է միայն Ուզբեկստանից, իսկ մյուս երկրների համեմատ Վրաստանի ցուցանիշները ցածր են բոլոր երեք բաղադրիչներով։

Հիշեցնենք, որ 2022 թվականի գնահատմանը մասնակցել է 81 երկիր, այդ թվում՝ Վրաստանը  զբաղեցրել է 65-րդ տեղը։ 2018 թվականին նույն վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը: Սակայն վարկանիշում առաջխաղացման պատճառը ոչ թե բարելավված արդյունքներն են, այլ երկրների ցածր արդյունքները։

PISA-ն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ստեղծած միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այն երեք տարին մեկ հնարավորություն է տալիս համեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ՝ համապատասխան աստիճանում: