Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 26-28-ը Թբիլիսիում անցկացվող դեսպանների համաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, հայտնել են նախագահի վարչակազմից:
Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին հաստատել է, որ նախագահը հրավիրված չէ համաժողովին: Դարչիաշվիլին նախագահին չհրավիրելու պատճառը պարզաբանել է հետևյալ կերպ.
«Դեսպանների համաժողովն ունի տարբեր ձևաչափեր. այս տարվա համաժողովը նվիրված է Վրաստանի կառավարության, գործադիր իշխանության և Վրաստանի խորհրդարանի ձեռնարկած որոշակի գործողությունների, քանի որ իշխանության այս երկու ճյուղերը պատասխանատու էին այդ կարևոր ուղղությունների համար… Դեսպանների այս տարվա համաժողովը կազմակերպվել է հենց այդ շարժառիթով ու տրամաբանությամբ»,- ասել է ԱԳ նախարարը:
«Դեսպանների համաժողով 2023, Վրաստանը՝ ԵՄ թեկնածու երկիր» խորագրով համաժողովի բացումը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 26-ին: Բացմանը ելույթ են ունեցել արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Դեսպանների համաժողովին մասնակցում են նաև կառավարության անդամներ, խորհրդարանի և պատրիարքարանի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սեպտեմբերին նախագահի դեմ պաշտոնազրկման գործընթաց էր սկսել։ Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն այն ժամանակ հայտարարել էր, որ Սալոմե Զուրաբիշվիլին այլևս արժանի չի համարվում նախագահի պաշտոնին։