Մանկապարտեզներում 4 տարեկան երեխաները կսովորեն երթևեկության կանոնները, bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի տրանսպորտային միջոցների զննման կենտրոնների ասոցիացիայի նախագահ Դավիթ Մեսխիշվիլին։
Ըստ նրա՝ մանկապարտեզներում այդ ծրագրի ներդրումը շատ կարևոր է, քանի որ մարդիկ մանկուց պետք է իմանան երթևեկության անվտանգության տարրական կանոնները՝ թե՛ հետիոտնի, թե՛ վարորդի տեսանկյունից, որպեսզի հետագայում մի շարք խնդիրներ չծագեն երթևեկության և հանրային իրազեկման ոլորտներում։
«Մենք հանդիպեցինք մանկապարտեզների գործակալության ղեկավարին, հանձնաժողովների նախագահներին և հոգեբանների հետ միասին ստեղծեցինք ուսումնական նյութեր, որոնց համաձայն կվերապատրաստվեն մանկապարտեզների դաստիարակները։ Մանկապարտեզների դաստիարակները պետք է վերապատրաստվեն՝ երեխաներին ճիշտ և ստույգ տեղեկություններ փոխանցելու համար»,- ասել է Մեսխիշվիլին:
Ասոցիացիայի նախագահի խոսքով, ծրագիրը կմեկնարկի 2024 թվականի մարտից, և այդ մեծ գործի միջոցով երեխաները, նախ, կսովորեն անվտանգության կանոնները, հետո՝ կմեծանան քաղաքացիական պատասխանատվությամբ մարդիկ։ Արդյունքում` երկրում այևս չեն լինի խնդիրներ, որոնք այսօր այդքան տարածված են տրանսպորտի ոլորտում։