Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը տոնածառի լույսերի միացման արարողության մասին հայտարարություն է տարածել նախքան համապատասխան միջոցառման համար հայտարարված մրցույթի հաղթողի հետ պայմանագիր կնքելը:
Ուշագրավ է, որ միջոցառման մասին հայտարարությունը քաղաքապետարանը տարածել էր դեկտեմբերի 19-ին, մինչդեռ մրցույթում հաղթողը ճանաչվել և նրա հետ պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 20-ին:
Հատկանշական է նաև այն, որ քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել 64 հազար 955 լարիի չափով, և մրցույթում հաղթած «Ջիթի Հոլդինգ» ՍՊԸ-ն հենց այդքան գումար է առաջարկել և հաղթել մրցույթում. այլ մասնակիցներ չեն եղել: Սակայն, «Ջիթի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքելուց հետո գումարի չափն ավելացվել է: Պետական գնումների գործակալության կայքում առկա «Պայմանագիր» բաժնում կարդում ենք, որ քաղաքապետարանը գումարը դարձրել է 76 հազար 646 լարի 90 թեթրի:
Ընդգծենք. Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին քաղաքի և շրջակայքի զարդարման համար լուսավորությունների և տարբեր սարքավորումների հետ կապված տեղադրման-ապամոնտաժման ծառայությունների ձեռքբերման համար քաղաքապետարանը 350 հազար 070 լարիի չափով մրցույթ է հայտարարել: Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն. «Մաիջիպիես» ՍՊԸ-ն աշխատանքները կատարելու համար առաջարկել է 346 հազար 007 լարի, «Քոլորֆուլ սփիրիթս» ՍՊԸ-ն՝ 333 հազար լարի:
Քաղաքի ամանորյա զարդարանքները սկսվել են, Մառնեուլիի շուկայի հարակից շատրվանն ու շրջանաձև խաչմերուկն արդեն զարդարված են, սակայն, քաղաքապետարանը դեռ պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթած ընկերության հետ։ Ըստ մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրության՝ մրցույթում հաղթող է ճանաչվել «Մաիջիպիես» ՍՊԸ-ն, «Քոլորֆուլ սփիրիթս» ՍՊԸ-ի առաջարկած փաստաղթերում անհամապատասխանություն է հայտնաբերվել։
Ի դեպ, քաղաքապետարանը 165 հազար 570 լարիով ավելացրել էր Մառնեուլի քաղաքի ամանորյա զարդարանքի համար հայտարարված մրցույթի բյուջեն։ Քաղաքապետարանը Մառնեուլիի ամանորյա զարդարման առաջին մրցույթը հայտարարել էր հոկտեմբերի 23-ին, ըստ որի՝ նախատեսվում էր ծախսել 184 հազար 500 լարի։
Քաղաքապետարանը դեկտեմբերի 20-ին ևս մեկ գնում է կատարել Ամանորի և ընթացիկ տարվա ամփոփիչ միջոցառման համար: Քաղաքապետարանն ամանորյա ամփոփիչ միջոցառման կազմակերպման համար կծախսի 100 հազար լարի. ծառայությունները կգնի «Մինի իվենթս» ՍՊԸ-ից՝ պարզեցված կարգով։ Միջոցառումը անցկացվի դեկտեմբերի 29-ին։
Ամանորի համար քաղաքը զարդարելու, տոնածառը լուսավորելու և ամանորյա միջոցառումը կազմակերպելու համար Մառնեուլիի քաղաքապետարանն ընդհանուր առմամբ կվճարի 522 հազար 653 լարի։
Մառնեուլիի գլխավոր տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 22-ին, նախատոնական միջոցառումները կսկսվեն ժամը 14:00-ից: Տոնածառի տեղադրման աշխատանքները մեկնարկել են դեկտեմբերի 20-ին: