Սաակաշվիլին նոր քաղաքական նախաձեռնությամբ է հանդես եկել

Թբիլիսիի քաղաքային դատարանում «Նոյեմբերի 7-ի գործի» նիստի ժամանակ մեղադրյալ, երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից հեռավար կերպով մասնակցելով դատավարությանը՝ նոր քաղաքական նախաձեռնությամբ է հանդես եկել։

Վրաստանի երրորդ նախագահի խոսքով, անհրաժեշտ է ստեղծել քաղաքական գործունեության և միասնության կոմիտե, որում կմիավորվեն մինչև 20-25 հոգի. կոմիտեի անդամ է համարում նաև իր հիմնադրած, ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ղեկավարներին։

«Մեզ անհրաժեշտ է ընդդիմության լիակատար համակարգում, անկախ տարբեր կարծիքներից, առանց համակարգման աշխատանք չի արվում, ուժը միասնության մեջ է։ Ես բացարձակապես համոզված եմ դրանում»,- ասել է Սաակաշվիլին։

Ըստ նրա՝ հանձնաժողովը պետք է լինի բյուրոկրատիայից զերծ, ազգային կոնսենսուսի ճկուն կառույց՝ քաղաքական խորհրդակցական մարմին. «Հանձնաժողովը կլինի նոր գաղափարների գեներատոր, նոր արձագանքների և այլոց հետ ազգային համաձայնության, կոնսենսուսի միջոցով երկխոսության վայր»:

Սաակաշվիլին նաև ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նպատակն է ամեն գնով ընդմիշտ լինել իշխանության ղեկին, բայց Եվրոպան նշանակում է իշխանության փոփոխություն: Սաակաշվիլիի խոսքով, Վրաստանի իշխանության հիմնական մարտավարությունը լինելու է ահաբեկելը:

Նրա խոսքով, հաջորդ ընտրությունները պատմական նշանակություն կունենան: Բացի այդ, ըստ Սաակաշվիլիի՝ իշխանափոխությունից 4 տարվա ընթացքում Վրաստանը Եվրամիության լիիրավ անդամ կդառնա։ Նա խոստանում է հանրությանը, որ ընդդիմությունն այս ընտրություններում հաղթելու է շատ լայն կոալիցիայով։

Խոսելով ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին, Սաակաշվիլին հայտարարել է. «Ուզում եմ շնորհավորել վրաց ժողովրդին թեկնածուի կարգավիճակի համար՝ 1:0 է, հօգուտ վրաց ժողովրդի»:

Ի դեպ, «Նոյեմբերի 7-ի գործը» առաջին քրեական գործն է, որով Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել 2012 թվականի իշխանափոխությունից հետո։ Այս գործով դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել 2014 թվականի հուլիսի 28-ին, իսկ 2014 թվականի օգոստոսի 2-ին Սաակաշվիլին հեռակա դատապարտվել է ազատազրկման։

Երրորդ նախագահը բանտում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիին, բացի «Նոյեմբերի 7-ի գործից», ևս երկու գործով մեղադրանք է առաջադրվել։

2022 թվականի մայիսին Սաակաշվիլիին առողջական վիճակի վատթարացման պատճառով քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա, որտեղ այժմ նա գտնվում է։ Սաակաշվիլին իր դեմ հարուցված բոլոր գործերն անվանել է քաղաքական։ Այս տարվա մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ստրասբուրգի դատարանը որպես ժամանակավոր միջոց հրաժարվել է նրան տեղափոխել Վարշավա՝ բուժման նպատակով։