Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Վրաստանից չվերահսկվող Աբխազիայից տեղահանված Գիգա Օթխոզորիայի սպանության գործով Ռուսաստանի Դաշնությանը մեղավոր է ճանաչել: ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցնում է սպանվածի ընտանիքին ոչ նյութական վնասի տեսքով 130 հազար եվրո փոխհատուցում վճարել:
Նույն որոշմամբ սահմանվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում (գործի քննություն), քանի որ Ռուսաստանի Դաշնությունը քրեական գործով համապատասխան նյութեր չի ներկայացրել դատարան։
Օթխոզորիայի ընտանիքի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանել են «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնը» (EHRAC)։ Նրանք Եվրոպական դատարան են դիմել 2018 թվականի հունվարի 11-ին։ Որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 19-ին։
GYLA-ն և EHRAC-ը պնդում են, որ Օթխոզորիայի գործը ազգային նշանակություն ունի, քանի որ ՄԻԵԴ-ը քննարկել է, թե որքանով է Ռուսաստանի Դաշնությունը արդյունավետ վերահսկողություն իրականացնում օկուպացված Աբխազիայի տարածքում և որքանով է պատասխանատվություն կրում դե ֆակտո կառավարության ներկայացուցիչների գործողությունների համար։
Օթխոզորիան, որ իր ընտանիքի հետ ապրում էր Զուգդիդիում, սպանվել է 2016 թվականի մայիսի 19-ին Աբխազիայի շփման գծի մոտ, Խուրչա-Նաբակևի գյուղում, այսպես կոչված, անցակետի մոտ։ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է ռուսական կողմը։