Վենետիկի հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի վերաբերյալ զեկույց է հրապարակել։ 15 էջանոց փաստաթուղթը նախանշում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:
Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ բյուրոյի ղեկավարի նշանակումն ու ազատումը մեծապես վարչապետի իրավասությունն է, ինչը խնդրահարույց է։
«Հակակոռուպցիոն բյուրոն ստեղծվել է որպես առանձին գերատեսչություն, որն ունի բարձր ֆինանսական անկախություն։ Այնուամենայնիվ, գոյություն ունեցող ինստիտուցիոնալ շրջանակը չի ապահովում ծառայության պատշաճ անկախությունը։ Քաղաքական կուսակցություններին վերահսկելու և բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վերահսկելու նրա իրավասությունը լրացուցիչ երաշխիքներ է պահանջում»,- նշված է եզրակացության մեջ:
Հակակոռուպցիոն բյուրոյի անկախությունը բարձրացնելու նպատակով Վենետիկի հանձնաժողովը տալիս է մի քանի առաջարկություններ.
- Բյուրոյի ղեկավարը պետք է խորհրդարանում նշանակվի տարբեր կուսակցությունների աջակցությամբ, խորհրդարանական որակյալ մեծամասնությամբ կամ նմանատիպ այլ մեխանիզմով։
- Առաջարկվում է, որ բյուրոյի ղեկավարն ընտրվի ընդդիմադիր և իշխող կուսակցության պատգամավորների մեծամասնության աջակցությամբ։
- Փոփոխությունը պետք է կատարվի այնպես, որ բարձրացվի բյուրոյի ղեկավարի հաշվետվողականությունը խորհրդարանի առաջ. խորհրդարանը, ոչ թե վարչապետը, պետք է կարողանա վաղաժամկետ պաշտոնանկ անել բյուրոյի ղեկավարին։
Բացի այդ, առաջարկվում են օրենսդրական փոփոխություններ՝ ապահովելու համար.
- բյուրոյի ղեկավարին և նրա տեղակալներին անձեռնմխելիության տրամադրում,
- բարձրացնել ղեկավարի որակավորման պահանջները և այլն:
Ի դեպ, Վրաստանում նորաստեղծ գործակալության՝ Հակակոռուպցիոն բյուրոյի աշխատանքը կարգավորող գործող օրենքները՝ գնահատման համար, սեպտեմբերի 22-ին Վենետիկի հանձնաժողով է ուղարկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
2022 թվականի նոյեմբերի 30-ին խորհրդարանը քննարկեց և 78 կողմ ձայնով ընդունեց «Հանրային հիմնարկում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքում փոփոխությունները և դրան կից օրինագծերը: Օրենսդրական փաթեթը, որը ներառում էր 27 օրենքի նախագիծ, խորհրդարանը քննարկեց արագացված կարգով։ Փոփոխությունների համաձայն, ստեղծվել է հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ Հակակոռուպցիոն բյուրո։ Կառավարության ներկայացուցիչները նշել են, որ ստեղծելով այս գործակալությունը՝ Վրաստանը կատարել է եվրոպական հանձնարարականների պահանջներից մեկը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը նշել է, որ բյուրոյի ղեկավարի նշանակման մեթոդը խնդրահարույց է։ Կազմակերպությունը կարծում է, որ վարչապետի կողմից բյուրոյի ղեկավարի նշանակումը չի կարող ապահովել այս ինստիտուտի իրական անկախությունը, ինչը նրա արդյունավետ աշխատանքի անհրաժեշտ նախապայմանն է։