Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության Թբիլիսիի գրասենյակի նախագահ է ընտրվել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Զազա Գոգավան։ Քվեարկությունը կայացել է դեկտեմբերի 18-ին կուսակցության Թբիլիսիի գրասենյակի համագումարում։
Իր ելույթում Գոգավան ասել է, որ այսօր Վրաստանը և, հետևաբար, Թբիլիսին ևս ունեն կարևոր մարտահրավերներ, բայց իրենք մարտահրավերները պետք է վերածեն հնարավորությունների:
«Այս հնարավորությունը Եվրոպան է, և մենք չպետք է մտնենք Եվրոպա, մենք պետք է Եվրոպային հրավիրենք Կովկաս, այս դերը պատկանում է Թբիլիսիին: Այս քաղաքի և այս երկրի համար պայքարը շարունակվում է:
Այսօր այս քաղաքը կանգ է առել, տառապում է խցանումներից, բնապահպանական, հանգստի, զարգացման մարտահրավերներից, մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներից և շատ ավելին… Որպեսզի Թբիլիսին հաղթահարի այդ մարտահրավերները, փոփոխություններ են անհրաժեշտ ամբողջ երկրում, և ես ձեզ խոստանում եմ, որ մենք միասին ենք լինելու այդ փոփոխությունների համար պայքարում»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Գոգավան:
Ի դեպ, Գոգավան ՄԱՇ-ին միացել է ապրիլին։ 2006-2008 թվականներին եղել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, իսկ 2008-2012 թվականներին զբաղեցրել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանների պահպանության վարչության պետի պաշտոնը։
ՄԱՇ-ը լքել են Բաթումիի սակրեբուլոյի 7, Զուգդիդիի սակրեբուլոյի 14, Խոբիի սակրեբուլոյի 10, Ճիաթուրայի սակրեբուլոյի բոլոր հինգ անդամները: ՄԱՇ-ը լքած պատգամավորները չեն հրաժարվում մանդատներից և հայտարարում են, որ կշարունակեն աշխատել սակրեբուլոյում նոր խմբակցության անվան տակ։
ՄԱՇ-ում հակասությունները սկսվել են մոտ մեկ տարի առաջ, երբ ՄԱՇ-ի ներկայիս նախագահ Լևան Խաբեիշվիլին և նրա համախոհները հրապարակավ հայտարարեցին, որ անհրաժեշտ է կուսակցության նախագահի ընտրություններ անցկացնել։ Այն ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկա Մելիան համաձայնեց այս առաջարկին և ընտրություններում պարտվեց։
Մելիան բացեիբաց խոսեց ՄԱՇ-ում ոչ ֆորմալ կառավարման մասին, սակայն, չնայած դրան, կուսակցությունը լքելու որոշում չի կայացրել:
«Ես հրապարակավ ասում եմ, որ այս անձը չի ներկայացնում ՄԱՇ-ը, նա ՄԱՇ անդամ չէ և չի կարող խոսել ՄԱՇ-ի անունից»,- նոյեմբերի 26-ին Մելիայի մասին ասել է Խաբեիշվիլին: