Վրաստանում 2023 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ գրանցված է ընդհանուր առմամբ 1 մլն 647 հազար 629 տրանսպորտային միջոց, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) ավտոմեքենաների վիճակագրության համացանցից:
Ըստ այդ տվյալների՝ 1 մլն 647 հազար 629 տրանսպորտային միջոցից 1 մլն 375 հազար 980-ը (83,5 տոկոսը) 10 տարեկանից մեծ է: 264 հազար 378 տրանսպորտային միջոց կամ մոտ 16 տոկոսը 10 տարեկանից նվազ է, իսկ 7271 տրանսպորտային միջոցի տարիքը հայտնի չէ։ Այն, որ վրացական շուկան հագեցած է հին մեքենաներով, վկայում են նաև վերը նշված վիճակագրական տվյալները։
Կառավարության որոշմամբ, 2024 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 2013 թվականը ներառյալ արտադրված թեթև մեքենաների ներմուծումը Վրաստան: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, նույն օրենքը բեռնատարների և ավտոբուսների համար կգործի 2025 թվականի հունվարի 1-ից, սակայն այս հարցը դեռ քննարկումների փուլում է:
«Մենք որոշում ենք կայացրել երկրում ներդնել ավտոմեքենաների «Եվրո 5» ստանդարտը, ինչը գործնականում նշանակում է, որ կսահմանափակվի մինչև 2013 թվականը արտադրված մեքենաների ներկրումը։ «Եվրո 5» ստանդարտից ցածր մեքենաներն այլևս չեն գրանցվի երկրում։ Որոշումը չի տարածվում վերարտահանման և տարանցման նպատակով ներկրվող, ինչպես նաև արդեն իսկ երկրում առկա մեքենաների վրա»,- նշել էր վարչապետը։
Այս սահմանափակումը կկրճատի մինչև 2013 թվականը արտադրված մեքենաների քանակը։ Գնորդները ստիպված կլինեն գնել մեքենաներ, որոնք թողարկվել են 2014 թվականին կամ ավելի ուշ։
Ավտոներկրողները կառավարությունից խնդրում են հետաձգել հին մեքենաների ներկրման արգելքը: Նշված խնդրանքով նրանք Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մոտ ակցիա են անցկացրել: Նրանց հիմնական պահանջն արտոնյալ ժամկետի տրամադրումն ու կանոնակարգի մի քանի ամսով հետաձգումն է, քանի որ մեքենաներ կան, որ ճանապարհին են և մինչև հունվարի 1-ը չեն հասնի Վրաստան: