Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, «արմատական ընդդիմությունը» և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «անելիք չունեն» ԵՄ թեկնածուի կարգավիճակի ստանալու համար նախատեսված հանդիսավոր միջոցառմանը, առավել ևս՝ «միջոցառման բեմում»: Այս մասին խորհրդարանում ի պատասխան լրատվամիջոցների հարցին, ասել է Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի նախագահը հայտարարել են, որ ներկա կգտնվեն Թբիլիսիի Ազատության հրապարակում նախատեսված միջոցառմանը: Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բոլորին կոչ է արել մասնակցել միջոցառմանը:
«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին, բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ միասին տոնելու մեր երկրի և մեր ժողովրդի այս պատմական հաղթանակը։ Այս օրը պետք է լինի ազգային տոնակատարության և համազգային հաղթանակի օր»,- ասել է վարչապետը:
Զուրաբիշվիլին երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Օրբելիանիի պալատում կարգավիճակի տրամադրման հետ կապված ճեպազրույցում ասել է. «Վարչապետը հայտարարեց, որ վաղը բոլորի համար համազգային տոն է լինելու։ Ես միանում եմ այս տոնակատարությանը: Դուք նույնպես պետք է միանաք։ Եթե ինձ հրավիրեն ամբիոն, լավ, եթե ոչ, ես կլինեմ հանրության շարքերում, միասին կնշենք. սա Վրաստանի ապագայի սկիզբն է»։
Կոբախիձեի խոսքով, «այսօրվա միջոցառումը նվիրված է այն քաղաքացիներին, ովքեր ամեն ինչ արեցին թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Ինչ վերաբերում է արմատական ընդդիմությանը, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի երկիրը չստանա թեկնածուի կարգավիճակ։ Սալոմե Զուրաբիշվիլին նրանց թվում էր, ովքեր կանգնած էին այս դիվերսիայի առաջնագծում։ Իհարկե, նման մարդիկ որևէ կապ չունեն հանդիսավոր միջոցառման հետ»:
Ի դեպ, իշխող կուսակցության, կառավարության և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միջև հակամարտությունը ի հայտ եկավ մարտին, երբ Զուրաբիշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ մեղադրեց «Վրացական երազանքին» եվրոպական ուղուց շեղվելու մեջ և ասաց, որ Թբիլիսին կրկնում է Մոսկվայի «մեսիջները»:
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել: ԵՄ առաջնորդները որոշել են նաև սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները:
Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումից հետո Վրաստանի կառավարությունը համերգ է նախատեսում, կառավարության նոյեմբերի 28-ի նիստի մեկնարկից առաջ հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Թբիլիսիի քայլերը ԵՄ անդամակցության ճանապարհին. ինչ պետք արվի