«Արթնացիր Եվրամիությունում». հանրահավաք է նախատեսվում

Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո «Արթնացիր Եվրամիությունում» խորագրով հանրահավաք է նախատեսվում: Ըստ կազմակերպիչների տարածած հաղորդագրության՝ հանրահավաքը կմեկնարկի դեկտեմբերի 15-ի ժամը 19:00-ից՝ Ապրիլի 9-ի (նախկին Ալեքսանդրովի) այգում, Օրբելիանիի պալատին հարող տարածքում:

«Եկեք միասին դիմավորենք և տոնենք վրաց ժողովրդի ձեռքբերումը՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակի շնորհումը։

Միջոցառման շրջանակներում մենք ուղիղ հեռարձակմամբ կհետևենք որոշումների հայտարարման գործընթացին։ Կանցկացվի հանդիսավոր համերգ երիտասարդ կատարողների մասնակցությամբ»,- հայտնում են կազմակերպիչները:

Ընդգծենք, որ այս պահի դրությամբ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել:

Ի դեպ, Եվրախորհրդարանը ձայների 468 կողմ, 99 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Եվրամիության ընդլայնման մասին բանաձևը, 58 պատգամավոր ձեռնպահ է մնացել բանաձևին աջակցելուց։ Եվրախորհրդարանի պատգամավորների ընդունած բանաձևը կոչ է անում Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցությունները Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ, ինչպես նաև՝ Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։

Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշման նախօրեին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ԵՄ նախագահող երկրի՝ Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսին, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին նամակներ է հղել։

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է վերապահումով, որ երկիրը քայլեր ձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։

Եվրահանձնաժողովը Վրաստանի համար սահմանել է ինը նախապայման: Վրաստանի համար սահմանված ինը նախապայմաններից մի քանիսը 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի հրապարակած 12 հանձնարարականների շարունակությունն են, մինչդեռ որոշ հանձնարարականներ լիովին նոր են։ 9 նախապայմանների մասին կարդացեք այստեղ:

Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 14-15-ին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։

Երեք նախագահները՝ հանուն ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակի