Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշման նախօրեին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրզուլա ֆոն դեր Լայենին, ԵՄ նախագահող երկրի՝ Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսին, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին նամակներ է հղել։
Վրաստանի կառավարությունը հրապարակել է դեկտեմբերի 12-ով թվագրված նամակները։
Վարչապետը Շառլ Միշելին ուղղված նամակում գրել է, որ Եվրահանձնաժողովի հանձնարարականը ևս մեկ անգամ հաստատեց վրացական իշխանությունների որոշումը՝ շարունակելու համապարփակ, հեռանկարային եվրոպական բարեփոխումների օրակարգի իրականացումը։ Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Եվրամիությունը կշարունակի լինել Վրաստանի կողքին՝ ընդունելով թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ հերթական պատմական որոշումը։
«Հակամարտություն ունեցող տարածաշրջանում մենք շարունակում ենք ամրապնդել Վրաստանի դերը՝ որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության, ժողովրդավարական զարգացման և համագործակցության հենասյուն։ Մենք նաև կարևոր օղակ ենք գլոբալ կապի քարտեզի վրա՝ աշխարհին առաջարկելով էներգետիկ համագործակցության և Սև ծովում բեռների և առևտրի զարգացման այլընտրանքային ուղիներ: Համոզված ենք, որ Վրաստանը՝ որպես Եվրամիության ապագա անդամ երկիր, կարևոր դեր կխաղա Եվրոպայի ընդհանուր բարգավաճման գործում», — գրել է վարչապետը Միշելին։
Ուրզուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակում Վրաստանի վարչապետը նշել է․
«Կասկած չկա, որ Եվրամիությանն անդամակցելը երկարաժամկետ պարտավորություն ու պարտականություններ է ենթադրում։ Իմ կառավարությունը վճռական է շարունակելու, ավելի արագացնելու անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։ Մենք հաստատում ենք մեր որոշումը՝ խորացնել համագործակցությունը Եվրահանձնաժողովի հետ և քայլեր ձեռնարկել՝ առաջ շարժվելու Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին»,- ասված է նամակում։
Ղարիբաշվիլին Պեդրո Սանչեսին էլ վստահեցրել է, որ Վրաստանի կառավարությունը կարճ ճանապարհներ չի փնտրում և պատրաստ է բարեփոխումներ իրականացնել։
«Իմ կառավարությունը մնում է լիովին մոբիլիզացված և հաստատակամորեն մտադիր է շարունակել և արագացնել անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը ԵՄ անդամակցության ճանապարհին», — ասված է իսպանացի գործընկերոջն ուղղված նամակում։
Նշենք, որ սպասվում է, որ դեկտեմբերի 14-15-ը Եվրախորհուրդը որոշում կընդունի Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու և Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը դրական հանձնարարական է տվել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։