Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին Բրյուսելում է, որտեղ մասնակցում է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը և հանդիպումներ է ունենում եվրահանձնակատարների և եվրոպացի գործընկերների հետ։
ԱԳ նախարարը հանդիպել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռնարկած քայլերը և իրականացվող բարեփոխումները՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակով։ Նշվել են վրացական կողմի ջանքերը և ձեռք բերված արդյունքները։
Զրույցում անդրադարձ է կատարվել Եվրահանձնաժողովի ընդլայնման զեկույցին և առաջարկություններին, որոնք Վրաստանի համար սահմանվել են 2023 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ։ Դարչիաշվիլին եվրահանձնակատարին տեղեկացրել է Վրաստանի կառավարության հաստատած գործողությունների ծրագրի մասին, որը ծառայում է Եվրահանձնաժողովի ինը առաջարկությունների կատարմանը։ Նշել է, որ վրացական կողմը պատրաստ է սերտորեն համագործակցել ԵՄ կողմի հետ` նշված խնդիրների կատարման առումով։
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ երկիրը սպասում է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու Եվրոպական խորհրդի որոշմանը։ Կողմերը խոսել են նաև Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման մասին։ Քննարկվել են այս ձևաչափով համագործակցության հեռանկարները և ընդհանրապես ձևաչափի հետագա զարգացումը։ Զրույցի ընթացքում նաև շոշափվել են Վրաստան-ԵՄ համագործակցության այլ կարևոր հարցեր, այդ թվում՝ ոլորտային ինտեգրումը և այս ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։
ԱԳ նախարարը հանդիպել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Սիմոն Մորդյուին։ Հանդիպմանը քննարկված հիմնական հարցը ընդլայնման օրակարգն էր և այդ կապակցությամբ Եվրոպական խորհրդի ակնկալվող որոշումը։
Նախարարը դիվանագիտական խորհրդատուին համապարփակ տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի կողմից իրականացվող բարեփոխումների հաջող օրակարգի, այդ թվում՝ Եվրոպական ինտեգրման կառավարական հանձնաժողովի հաստատած Եվրահանձնաժողովի առաջարկությունների կատարման գործողությունների ծրագրի և արդեն իսկ իրականացված աշխատանքների մասին։
«Նա նշել է, որ գործադրված ջանքերի շնորհիվ երկիրն արժանի է թեկնածուի կարգավիճակ ստանալուն, ինչը հաստատվել է նաև Եվրոպական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի համապատասխան հանձնարարականով, և հույս է հայտնել, որ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի, որը կտեղափոխի Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հաջորդ փուլ»,- հայտնում են ԱԳՆ-ից:
Ի դեպ, նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է վերապահումով, որ երկիրը քայլեր ձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։
Եվրահանձնաժողովը Վրաստանի համար սահմանել է ինը նախապայման: Վրաստանի համար սահմանված ինը նախապայմաններից մի քանիսը 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի հրապարակած 12 հանձնարարականների շարունակությունն են, մինչդեռ որոշ հանձնարարականներ լիովին նոր են։ 9 նախապայմանների մասին կարդացեք այստեղ:
Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 14-15-ին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այդ հանձնարարականին։
ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն