Վրաստանի քաղաքացիական ակտիվիստ, առաքիչ Իրակլի Միլաձեի գործը նոյեմբերի վերջին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Կազմակերպությունը Ստրասբուրգի դատարանին խնդրել է պարզել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տասներորդ հոդվածով երաշխավորված իրավունքի՝ խոսքի ազատության խախտումը։
GYLA միջազգային դատավարական թիմի ղեկավար Դավիթ Ջավախիշվիլին radiotavisupleba.ge լրատվականին ասել է, որ դա նախադեպ կլինի Վրաստանից Եվրոպական դատարանում, որը վերաբերում է անձին իրավախախտ ճանաչելուն և տուգանելուն սոցիալական ցանցում արտահայտած քննադատական կարծիքի համար, մասնավորապես՝ TikTok-ում։
Ըստ նրա՝ անցած տարեվերջին սոցցանցում Միլաձեի տարածած տեսանյութը չի պարունակում սպառնալիք կամ բռնության կոչ և անմիջական վտանգ չի ներկայացնում որևէ մեկի համար։ Նրա խոսքով, սա ոչ թե կոնկրետ անձանց կամ կոնկրետ իրավապահների ուղղված քննադատություն էր, այլ՝ Միլաձեն քննադատում էր քաղաքում երթևեկության քաղաքականությունը և ներքին գործերի նախարարության ոչ պատշաճ արձագանքը դրան:
Եվրոպական դատարան ուղարկված «Միլաձեն ընդդեմ Վրաստանի» գործին դեռ գրանցման համար չի հատկացվել։ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան այժմ սպասում է Ստրասբուրգի դատարանի առաջին արձագանքին, այնուհետև` շփում պետության հետ, այսինքն` այդ գործի առնչությամբ կոնկրետ հարցեր արդարադատության նախարարությանը։
Միլաձեն հուսով է, որ Ստրասբուրգի դատարանը կընդունի իր գործը և վերջնականապես կհաստատի Մարդու իրավունքների կոնվենցիայի տասներորդ հոդվածի՝ խոսքի ազատության խախտումը:
Նշենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին TikTok-ում հրապարակված տեսանյութի պատճառով 2023 թվականի փետրվարին դատարանը Միլաձեին երկու անգամ տուգանել է 2000-ական լարիի չափով:
Միլաձեի գործն առաջին դեպքը չէ, երբ սոցցանցում կառավարության հասցեին հնչած քննադատական կարծիքների պատճառով քաղաքացիներին կանչում են քննչական մարմիններ, և այդ դեպքերով հետաքննություն է սկսվում։ Միլաձեն TikTok-ում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ասում էր, որ Թբիլիսիում ավտոբուսների համար հատկացված երթուղիներով շատ մեքենաներ են երթևեկում, և ոստիկանությունն ընտրողաբար է տուգանում վարորդներին։ Նույն տեսանյութում նա հայհոյել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին (Կալաձեի վարած ճանապարհային քաղաքականության պատճառով- խմբ.) և ոստիկաններին։
Երկու հազար լարի տուգանք ոստիկաններին ու Կալաձեին հայհոյելու համար