Ռուսական ռազմական ագրեսիան և քարոզչությունն ամենամեծ սպառնալիքն է Վրաստանում: Այս մասին են վկայում ԱՄՆ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն»-ի (CRRC Georgia) հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Ըստ NDI-ի հարցման արդյունքների՝ գնալով նվազում է նրանց թիվը, ովքեր ասում են, թե Վրաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի բացառապես արևմտամետ։
Նույն հարցման համաձայն՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցների մեծ մասն ասել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է լինի արևմտամետ, բայց պետք է նաև լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։ Այս կարծիքին է ընդդիմության կողմնակիցների գրեթե 40 տոկոսը։ Ընդդիմության կողմնակիցներն ամենաշատը կողմ են բացառապես արևմտամետ կուրսին:
Նշվում է նաև, որ ըստ բնակչության՝ ամենամեծ սպառնալիքն է ռուսական ռազմական ագրեսիան և քարոզչությունը։ Սպառնալիքների վերաբերյալ արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ.
- Ռուսական ռազմական ագրեսիա՝ 27 տոկոս,
- Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի օկուպացիան՝ 18 տոկոս,
- Ռուսական քարոզչություն՝ 11 տոկոս,
- Ահաբեկչություն՝ 5 տոկոս,
- Անօրինական միգրանտների ժամանումը՝ 4 տոկոս,
- Տնտեսական կախվածությունը Ռուսաստանից՝ 3 տոկոս:
Յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին ասել է, որ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելը երկրին ամենաշատը կօգնի ամրապնդել իր անվտանգությունը: Մեծամասնության կարծիքով, Վրաստանի հիմնական քաղաքական գործընկերները ոետք է լինեն Եվրամիությունը և ԱՄՆ-ն:
Չնայած այն հանգամանքին, որ բնակչությունը բարձր դրական վերաբերմունք ունի Եվրամիության և ԱՄՆ-ի նկատմամբ, «Վրացական երազանքի» յուրաքանչյուր երրորդ և ընդդիմության յուրաքանչյուր հինգերորդ կողմնակիցը կողմ է Ռուսաստանի հետ տնտեսական սերտ համագործակցությանը։
Հասարակական կարծիքի հարցումը CRRC Georgia-ի կողմից NDI-ի պատվերով իրականացվել է 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ դեմ առ դեմ հարցման միջոցով։ Հարցվել է ընդհանուր առմամբ 2 068 մարդ, սխալի միջին սահմանը 2,2 տոկոս է: