Եվրամիությունը կկանգնի Վրաստանի կողքին. ԵՄ դեսպան

Վրաստանը կարող է վստահ լինել, որ Եվրամիությունը կկանգնի Վրաստանի կողքին, Մարդու իրավունքների օրվա առթիվ շնորհավորելով Վրաստանին, ասել է, Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին:

Վրաստանում ԵՄ գրասենյակի տարածած հայտարարության մեջ գրված է, որ Վրաստանը կարող է հույս դնել Եվրամիության աջակցության վրա:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը Եվրամիության հիմքն է։ Այս տեսլականն իրականություն դարձնելու ջանքերը ԵՄ ընդլայնման գործընթացի մի մասն են և այն ինը քայլերից մեկը, որը պետք է անի Վրաստանը ԵՄ անդամակցության ճանապարհին:

Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հանձնարարականը պատմական է: Դրա հետ մեկտեղ գալիս է մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավելու պատասխանատվությունը: Դուք կարող եք հույս դնել, որ Եվրամիությունը կկանգնի ձեր կողքին՝ ձեր հիմնարար իրավունքները պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ի դեպ, դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը, ամբողջ աշխարհում նշվում է 1948 թվականից։ Այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների միջազգային հռչակագիրը։ Հռչակագիրը վերաբերում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ քաղաքական, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին։

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է վերապահումով, որ երկիրը քայլեր ձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։

Եվրահանձնաժողովը Վրաստանի համար սահմանել է ինը նախապայման: Վրաստանի համար սահմանված ինը նախապայմաններից մի քանիսը 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի հրապարակած 12 հանձնարարականների շարունակությունն են, մինչդեռ որոշ հանձնարարականներ լիովին նոր են։ 9-ը նախապայմանների մասին կարդացեք այստեղ:

Նոր վերապահում է ԵՄ-ի և նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվության և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարը։ Եվրահանձնաժողովը նաև ուշադրություն է հրավիրում Վրաստանի կողմից Եվրամիությանն իր արտաքին և անվտանգության քաղաքականությունը մոտեցնելու անհրաժեշտության վրա։ Ներկայում Վրաստանի՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանելու ցուցանիշը կազմում է մոտ 43 տոկոս, իսկ մի քանի տարի առաջ գերազանցում էր 60 տոկոսը։

Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 14-15-ին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։

Եվրահանձնաժողովը կանաչ լույս է տվել Ուկրաինային և Մոլդովային՝ սկսելու ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցում հաջորդ քայլն է:

ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն

https://www.aliq.ge/yem-theknatcui-kargavitchaki-spasumov-thbilisium-aknkalikhner-unen/