Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում ավարտվեց Հանրապետության հրապարակից մեկնարկած «Քո ձայնը Եվրամիությանը» խորագրով երթը՝ նվիրված ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը։
Երթին մասնակցում էին քաղաքական գործիչներ, ոչ կառավարական ոլորտների ներկայացուցիչներ, քաղաքացիներ և այլք։ Եվ երթի ավարտին՝ Եվրոպայի հրապարակում, բացեցին աշխարհում Եվրամիության ամենամեծ դրոշը, որը կարվել է հենց Վրաստանում:
Երթը կազմակերպել էին տարբեր հասարակական կազմակերպություններ, ըստ որոնց՝ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը դրական հանձնարարական է տվել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Գլխավորը, սակայն, դեռ առջևում է։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս միացել է երթին։ Նախագահը նշել է, որ Եվրոպան մի տարածք է, որտեղ մարդիկ մեծ նշանակություն ունեն: Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ դեկտեմբերի 15-ին Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանա.
«Եվրահանձնաժողովն արդեն հայտնել է իր կարծիքը։ Այժմ մենք սպասում ենք Եվրոպական խորհրդի որոշմանը։ Ես ակնկալում եմ, որ նրանք հաշվի կառնեն մի կողմից ստացված առաջարկությունները, ինչպես նաև այս մակարդակում այստեղ արտահայտված մարդկանց կարծիքը»:
Նշենք՝ Եվրահանձնաժողովը նոյեմբերի 8-ին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունեց այն վերապահումով, որ երկիրը քայլեր կձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։
Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկիր, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։
ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն