Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքում է դեկտեմբերի 5-6-ը Ժնևում կայացած միջազգային բանակցությունների 59-րդ փուլին։
Արտաքին գերատեսչությունը հայտարարության մեջ նշում է, որ վրացական պատվիրակությունը դատապարտել է Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը, «ինչը ռուսական օկուպացիայի ծանր հետևանքների հստակ արտահայտությունն է, և հաստատում է Ռուսաստանի կողմից հրադադարի համաձայնագիրը պահպանելու անհրաժեշտությունը»։
Նախարարության տվյալներով, Ռուսաստանը և նրա օկուպացիոն ռեժիմների ներկայացուցիչները «կրկին քաղաքականացրել են հումանիտար խնդիրները» և դուրս են եկել բանակցություններից՝ օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների իրենց տներ վերադարձի քննարկման ժամանակ։
Նշենք, որ Ժնևյան քննարկումից հետո Վրաստանի չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության պատվիրակությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և նշել, որ քննարկումն անցկացվել է երկու աշխատանքային խմբով՝ անվտանգության և հումանիտար հարցերի շուրջ: Ըստ տեղեկության՝ առաջին աշխատանքային խումբը կենտրոնացել է տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի քննարկման վրա, «Հարավային Օսիայի պատվիրակության ուշադրության կենտրոնում են եղել վրացական կողմի կազմակերպած սադրանքները, պետական սահմանը դիտավորյալ խախտելու փաստերը և պետական սահմանի սահմանագծման կարևորությունը՝ կանխամտածված խախտումները կանխելու համար»:
Նրանց պնդմամբ՝ «Հարավային Օսիայի պատվիրակությունը կրկին առաջարկել է վրացական կողմին սկսել Հարավային Օսիայի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի համատեղ սահմանագծումը և սահմանազատումը»:
Դե ֆակտո հանրապետության ներկայացուցիչները նշել են, որ անհանգստացած են Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացմամբ, որը «համարվում է տարածաշրջանային կայունության լուրջ մարտահրավեր և սպառնալիք Հարավային Օսիայի անվտանգությանը»։ Ցխինվալիի ներկայացուցիչները նշել են, որ «ուժի չկիրառման մասին փաստաթղթի նախագծի վրա աշխատանքը փակուղի է մտել, սակայն, այս առանցքային հարցի շուրջ աշխատանքները պետք է շարունակվեն հաջորդ քննարկմանը»։
Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ Ժնևյան քննարկումների 59-րդ փուլից հետո Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն խոսել է, որ օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունների անվտանգության ամրապնդման անհրաժեշտության մասին։
«Սոխումիի և Ցխինվալիի անվտանգության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը թելադրված է Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի աճող ակտիվությամբ, Դաշինքի կողմից Վրաստանի ռազմական զարգացման ծրագրերի իրագործմամբ և այդ երկրին ժամանակակից սպառազինությամբ մատակարարելով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից:
ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը, որպես հակամարտության կողմ, անհապաղ կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրով իր պարտավորությունը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ և դուրս բերել իր ուժերը մինչև հակամարտությունը եղած դիրքեր: ԱՄՆ առաքելության հայտարարության համաձայն, ռուսական զորքերի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացումը խարխլում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է, որ Ժնևում միջազգային բանակցությունների 59-րդ փուլի մեծ մասը վերաբերվել է Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությանը։ Ըստ նրա՝ Ժնևի հարթակը իդեալական չէ, թեև դրա գոյությունը կարևոր է:
«Լավ է, որ մենք հնարավորություն ունեցանք անցկացնելու Ժնևի բանակցությունների 59-րդ փուլը և լավ է, որ բոլոր կողմերը մասնակցում են»,- accentnews.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Կլաարը:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության «թելադրանքով» Վրաստանից չվերահսկվող Ցխինվալին և Սոխումին Վրաստանից պահանջում են ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել, ինչն անընդունելի է վրացական իշխանությունների համար։ Վրացական պատվիրակությունը Ռուսաստանին է խնդրում նման համաձայնագրի կնքել:
Միջազգային բանակցությունները Ժնևում ստեղծվել են 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ, և դրա քննարկման հիմնական հարցերն են հրադադարի համաձայնագրի կատարումը, ներքին բռնի տեղահանվածների և փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց տներ, ռուսական օկուպացիայի արդյունքում ստեղծված անվտանգության և հումանիտար խնդիրներ։ Բանակցություններն ընթանում են Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահությամբ և Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։
Ժնևյան քննարկումների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ տարվա ապրիլին։