Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան նախատեսում է նոր կուսակցություն հիմնել։
Ուշագրավ է, որ Մելիան երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ՄԱՇ–ի գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց, որ լքում է կուսակցությունը:
Ըստ Մելիայի՝ նոր կուսակցությունը կհիմնվի ողջամիտ ժամկետում, որի վրա աշխատանքները կսկսվեն հենց վաղվանից։ Նրա խոսքով, կուսակցությունը շատ բան կանի վրացական ժողովրդավարության համար։
Նշենք նաև, որ երեկ ՄԱՇ-ը լքելու մասին են հայտարարել նաև Վրաստանի Կախեթիի սակրեբուլոյի 15 անդամ: Նրանք հայտարարել են՝ սակրեբուլոյում կաշխատեն որպես անկախ պատգամավորներ:
Ի դեպ, ՄԱՇ-ը լքել են Բաթումիի սակրեբուլոյի 7, Զուգդիդիի սակրեբուլոյի 14, Խոբիի սակրեբուլոյի 10, Ճիաթուրայի սակրեբուլոյի բոլոր հինգ անդամները: ՄԱՇ-ը լքած պատգամավորները չեն հրաժարվում մանդատներից և հայտարարում են, որ կշարունակեն աշխատել սակրեբուլոյում նոր խմբակցության անվան տակ։
ՄԱՇ-ում հակասությունները սկսվել են մոտ մեկ տարի առաջ, երբ ՄԱՇ-ի ներկայիս նախագահ Լևան Խաբեիշվիլին և նրա համախոհները հրապարակավ հայտարարեցին, որ անհրաժեշտ է կուսակցության նախագահի ընտրություններ անցկացնել։ Այն ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկա Մելիան համաձայնեց այս առաջարկին և ընտրություններում պարտվեց։
Մելիան բացեիբաց խոսեց ՄԱՇ-ում ոչ ֆորմալ կառավարման մասին, սակայն, չնայած դրան, կուսակցությունը լքելու որոշում չի կայացրել:
«Ես հրապարակավ ասում եմ, որ այս անձը չի ներկայացնում ՄԱՇ-ը, նա ՄԱՇ–ի անդամ չէ և չի կարող խոսել կուսակցության անունից»,- նոյեմբերի 26-ին Մելիայի մասին ասել է Խաբեիշվիլին: