Աշակերտների գնահատման PISA միջազգային ծրագրի Վրաստանում անցկացրած հետազոտության արդյունքները տարբեր հարթակներում բացասական կարծիքների պատճառ են դարձել։
Հետազոտության համաձայն՝ Վրաստանում աշակերտների շրջանում մաթեմատիկայի և ընթերցանության/կարդալու ըմբռնման ցուցանիշը նվազել է, ինչը քաղաքացիական հասարակության և կրթության ոլորտի մասնագետների շրջանում անհանգստության տեղիք է տվել։
Շատերն աշակերտների շրջանում վատթարացած արդյունքները կապում են նրանց թերսնման հետ։ «Վրաստանի համալսարանի» դասախոս Գիա Ջափարիձեն գնահատելով արդյունքները, նշում է․
«Մենք շատ վատ դիրք ունենք PISA-ի հետազոտությունում։ Այս առումով ոչ մի նոր բան չկա։ Առավել ողբերգական է կրթության նախարարության գոհունակությունը, որ իրավիճակը չի վատացել։ Կրթական համակարգն ինքնին խնդիր է։ Ուսումնական ծրագրերը նայում են դեպի անցյալը և չեն նախապատրաստում երեխային ապագայի համար», — նշում է Ջափարիձեն և շարունակում․
«Բայց միայն սա չէ խնդիրը։ Խնդիր է երեխաների թերսնուցումը։ Երեխաները չեն ստանում այնպիսի սննդարար սնունդ, որն ուղեղին և ընդհանրապես օրգանիզմին կապահովի այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են մտածելու և ուղեղի աշխատանքի համար։ Երեխաներից ոմանք ընդհանրապես սոված են։ Դպրոցների բուֆետներում վաճառվող սննդով այլ արդյունք հնարավոր չէ ստանալ», — նշում է նա։
Այս հարցը հատկապես ակտուալ էր ամիսներ առաջ, երբ ստորագրահավաք էր անցկացվում դպրոցներում անվճար սննդի ներդրման ուղղությամբ։ Նախաձեռնության հեղինակը «Ծնողները կրթության համար» հասարակական կազմակերպությունն է (ՀԿ), որի ներկայացուցիչ Մեգի Կավթուաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ հարցազրույցում նշում է, որ Վրաստանում դպրոցական սննդի հետ կապված հանրային քաղաքականություն, պետական նախագիծ գոյություն չունի։
«Եթե մենք ուզում ենք մոտենալ այն արդյունքներին, որոնք գրանցել են PISA-ի հետազոտության մի շարք առաջատար երկրները, կարևոր է քայլեր ձեռնարկել դպրոցներում անվճար, օգտակար սննդի ներդրման ուղղությամբ։ Մեր երեխաները սոված են նստում դասերին, անհնար է սոված երեխան բարձր արդյունք գրանցի», — ասում է Կավթուաշվիլին։
Մեգի Կավթուաշվիլիի խոսքով՝ Վրաստանում հարցված աշակերտների 77 տոկոսն ասում է, որ դպրոց գնալիս երբեմն կամ միշտ քաղց է զգում, ինչը ուղիղ ազդեցություն ունի ցածր արդյունքների վրա։
Նշենք, որ PISA-ի 2022 թվականին արված ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանում աշակերտների շրջանում մաթեմատիկայի և ընթերցանության/կարդալու ըմբռնման ցուցանիշը նվազել է: 2022 թվականի հարցման արդյունքում վրացի աշակերտների արդյունքները մաթեմատիկայի ոլորտում վատթարացել է՝ 8, ընթերցանության/կարդալու ըմբռնման ոլորտում՝ 6 միավորով:
Մաթեմատիկական հմտություններից վրացի աշակերտները հավաքել են 390 միավոր։ Սա 8 կետով ցածր է 2018 թվականի ցուցանիշից: Մաթեմատիկայի բնագավառում աղջիկներն ավելի լավ արդյունքներ են ցույց տվել՝ 393 միավոր, քան տղաները՝ 387 միավոր: 81 երկրներից Վրաստանը 62-րդ հորիզոնականում է։
Ընթերցանության ըմբռնման առումով վրացի աշակերտների ցուցանիշը 374 միավոր է՝ 6 միավորով պակաս, քան 2018 թվականի ցուցանիշը: Ընթերցանության ըմբռնման հարցում աղջիկների և տղաների միջև բավականին մեծ տարբերություն կա. եթե աղջիկների միջին միավորը 392 միավոր է, ապա տղաների միջին միավորը 357 է: 81 երկրներից Վրաստանը 67-րդ հորիզոնականում է:
PISA 2023 հետազոտությանը մասնակցել է 81 երկիր։
PISA-ն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այն երեք տարին մեկ հնարավորություն է տալիս համեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ՝ համապատասխան աստիճանում: