Թբիլիսիում «Քո ձայնը Եվրամիությանը» խորագրով երթ կանցկացվի: Երթը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ից՝ Հանրապետության հրապարակից, կավարտվի Եվրոպայի հրապարակում։
Ըստ երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը դրական հանձնարարական է տվել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Գլխավորը, սակայն, ըստ նրանց, դեռ առջևում է։ Դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը, որում ընդգրկված են 27 պետությունների ղեկավարներ, պետք է որոշի, թե՝ արդյո՞ք Վրաստանը կստանա թեկնածու երկրի կարգավիճակ։
Երթի կազմակերպիչների խոսքով՝ Եվրամիություն տանող ճանապարհին վրաց ժողովրդի միասնությունը վճռորոշ նշանակություն է ունեցել և ունի: Ուստի, ինչպես նախկինում, հիմա պետք է ևս մեկ անգամ Եվրամիությանը ցույց տալ միասնությունը՝ լսելի դարձնելով վրաց ժողովրդի ձայնը։
Նշենք՝ Եվրահանձնաժողովը նոյեմբերի 8-ին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունեց այն վերապահումով, որ երկիրը քայլեր կձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։
Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկիր, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։
Ի դեպ, Եվրահանձնաժողովը կանաչ լույս է տվել Ուկրաինային և Մոլդովային՝ սկսելու ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցում հաջորդ քայլն է։
Ընդգծենք՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի մարտին։ Նույն տարվա ամռանը Մոլդովան և Ուկրաինան ստացան թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը ստացավ եվրոպական հեռանկար և 12 հանձնարարականներ, որոնք պետք է իրականացվեն կարգավիճակ ստանալու համար։