Վրաստանի Խոբիի քաղաքապետարանի սակրեբուլոյի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության 11 պատգամավորներից 10-ը լքել է կուսկակցությունը:
Խոբիի սակրեբուլոյի ՄԱՇ խմբակցության նախագահ Իա Ջիշկարիանի խոսքով, պատգամավորների հետ միասին կուսակցությունը լքել է Խոբիում ՄԱՇ-ի գրասենյակի մեծամասնությունը՝ ընդհանուր մոտ 30 անդամ։ Ըստ նրա՝ նրանք կշարունակեն սովորական ռեժիմով աշխատել սակրեբուլոյում ինչպես միշտ, և խմբակցությունը շուտով կվերանվանվի:
Ուշագրավ է, որ Ճիաթուրայի սակրեբուլոյի ՄԱՇ խմբակցության բոլոր հինգ անդամները ևս լքել են կուսակցությունը: Խմբակցության նախագահ Գոգի Չիկվիլաձեն ասել է. «Նոր ղեկավարությանը չհաջողվեց միավորել կուսակցությունը։ Եթե այլ ճանապարհ չկա, ավելի լավ է ձերբազատվել այս իրավիճակից և պայքարել գոյություն ունեցող ռեժիմի դեմ այլ հարթակից կամ այլ իրավիճակից»:
Ի դեպ, ՄԱՇ-ը լքել են նաև Բաթումիի սակրեբուլոյի 7 և Զուգդիդիի սակրեբուլոյի 14 պատգամավոր։ ՄԱՇ-ը լքած պատգամավորները չեն թողնում մանդատները և հայտարարում են, որ կշարունակեն աշխատել սակրեբուլոյում նոր խմբակցության անվան տակ։
ՄԱՇ-ում հակասությունները սկսվել են մոտ մեկ տարի առաջ, երբ ՄԱՇ-ի ներկայիս նախագահ Լևան Խաբեիշվիլին և նրա համախոհները հրապարակավ հայտարարեցին, որ անհրաժեշտ է կուսակցության նախագահի ընտրություններ անցկացնել։ Այն ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկա Մելիան համաձայնեց այս առաջարկին և ընտրություններում պարտվեց։
Մելիան բացեիբաց խոսեց ՄԱՇ-ում ոչ ֆորմալ կառավարման մասին, սակայն, չնայած դրան, կուսակցությունը լքելու որոշում չի կայացրել:
«Ես հրապարակավ ասում եմ, որ այս անձը չի ներկայացնում ՄԱՇ-ը, նա ՄԱՇ անդամ չէ և չի կարող խոսել ՄԱՇ-ի անունից»,- նոյեմբերի 26-ին Մելիայի մասին ասել է Խաբեիշվիլին: