Վրաստանի Զուգդիդիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության 22 անդամներից 14-ը լքել են կուսակցությունը։ Նման որոշում են կայացրել կուսակցության Զուգդիդիի գրասենյակի ևս երեք ներկայացուցիչներ, որոնք սակրեբուլոյի աշխատակիցներ են։
ՄԱՇ-ից հեռանալու մասին կուսակցության անդամներն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, քաղաքապետարանում կայացած ճեպազրույցում հայտարարեցին: Նրանց պարզաբանմամբ՝ սակրեբուլոյում աշխատելու են սովորական ռեժիմով, և դեռ չեն պատրաստվում լուծարել խմբակցությունը։
Ըստ նրանց՝ կուսակցությունից դուրս գալու պատճառը ՄԱՇ-ի ներկայիս ղեկավարության հետ տարաձայնությունն է, մասնավորապես՝ «կառավարման ոչ ժողովրդավարական սկզբունքները»։ Կուսակցությունը լքածները չեն հստակեցնում՝ կհամագործակցե՞ն ՄԱՇ նախկին նախագահ Նիկա Մելիայի հետ՝ նոր քաղաքական հարթակ ձևավորելու դեպքում։
Զուգդիդիի սակրեբուլոյի ՄԱՇ խմբակցության նախագահ Մաիա Կալանդիան ասել է, որ, չնայած կուսակցությունից դուրս գալուն, իրենք հավատարիմ են մնում ՄԱՇ սկզբնական արժեքներին և կշարունակեն աջակցել բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
«Մենք շարունակում ենք պայքարել Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատելու համար… Մենք մտադիր ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին և դրա համար դուրս ենք գալիս «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից… Մենք չենք հրաժարվի մեր ընկերներից, այն 8 մարդկանցից, որոնց հետ մենք եկել էինք այս դահլիճ և պայքարել «Վրացական երազանքի» դեմ»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Կալանդիան։
Զուգդիդիի 45 հոգանոց սակրեբուլոյում ընդդիմությունը մեծամասնություն է կազմում։ ՄԱՇ-ը սակրեբուլոյում ուներ 22 մանդատ, իշխող «Վրացական երազանքը»՝ 20, նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար»-ը՝ 3։
Ի դեպ, Բաթումիի սակրեբուլոյում ևս ՄԱՇ կուսակցության 13 անդամներից 7-ը լքել են կուսակցությունը։
ՄԱՇ-ում հակասությունները սկսվել են մոտ մեկ տարի առաջ, երբ ՄԱՇ-ի ներկայիս նախագահ Լևան Խաբեիշվիլին և նրա համախոհները հրապարակավ հայտարարեցին, որ անհրաժեշտ է կուսակցության նախագահի ընտրություններ անցկացնել։ Այն ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկա Մելիան համաձայնեց այս առաջարկին և ընտրություններում պարտվեց։
Մելիան բացեիբաց խոսեց ՄԱՇ-ում ոչ ֆորմալ կառավարման մասին, սակայն, չնայած դրան, կուսակցությունը լքելու որոշում չի կայացրել:
«Ես հրապարակավ ասում եմ, որ այս անձը չի ներկայացնում ՄԱՇ-ը, նա ՄԱՇ անդամ չէ և չի կարող խոսել ՄԱՇ-ի անունից»,- նոյեմբերի 26-ին Մելիայի մասին ասել է Խաբեիշվիլին: