Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը ամանորյա ծախսերի համար բյուջեից գրեթե կես միլիոն լարի կծախսի. դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է ծախսել 466 հազար 495 լարի:
2024 թվականը դիմավորելու համար քաղաքապետարանն արդեն երեք մրցույթ է հայտարարել։ Առաջինը քաղաքի փողոցների զարդարման նպատակով է, երկրորդը՝ գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության, երրորդը՝ անապահով ընտանիքներին սննդամթերքով օգնելու։
- Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին քաղաքի և շրջակայքի զարդարման համար ամանորյա լուսավոր շինությունների և տարբեր սարքավորումների հետ կապված տեղադրման-ապամոնտաժման ծառայությունների ձեռքբերման համար նախատեսվում է ծախսել 350 հազար 070 լարի,
- 65 հազար 578 լարիի մրցույթ է հայտարարվել Սուրբ Ծնունդ-ամանորյա տոնածառի լուսավորման միջոցառման ծառայությունների գնման համար,
- Ամանորին 600 անապահով ընտանիքների սննդամթերք բաժանելու համար հատկացվել է 50 հազար 847 լարի։
Երեք մրցույթներով էլ միջոցների 100 տոկոսը հատկացվել է տեղական բյուջեից։ Ընգծենք՝ նյութում նշված ծախսերը կարող են աճել, քանի որ քաղաքապետարանը ամանորյա համերգի համար դեռ մրցույթ չի հայտարարել։