«Մոսկվան Թբիլիսիից պահանջում է «սահմաններ հաստատել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ»,-գրել է netgazeti.ge լրատվականը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:
«Հաշվի առնելով սահմանային վերջին միջադեպերը՝ ընդգծվում է Թբիլիսիի կողմից Սոխումիի և Ցխինվալիի դեմ ուժի չկիրառման վերաբերյալ իրավական երաշխիքների անհապաղ մշակման անհրաժեշտությունը, ինչպես նաև Վրաստան-Աբխազիա և Վրաստան-Հարավային Օսիա պետական սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա սահմանազատմամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի Ժնևյան քննարկումների հաջորդ փուլից առաջ տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աբխազական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխեիլ Գալուզինը դեկտեմբերի 5-ի փուլից առաջ հանդիպել է Ժնևյան քննարկումների աբխազ և օս ներկայացուցիչների հետ, որտեղ ամփոփվել են բանակցություններում քննարկվելիք առաջնահերթ խնդիրները։
Ժնևյան քննարկումները մեկնարկել են 2008 թվականից՝ օգոստոսյան պատերազմից հետո։ Բանակցություններն ընթանում են Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահությամբ։ Գործընթացին մասնակցում են Վրաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, ինչպես նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի դե ֆակտո կառավարությունների ներկայացուցիչներ։ Քննարկումների հաջորդ փուլից առաջ համանախագահները սովորաբար նախապատրաստական հանդիպումներ են ունենում Թբիլիսիում, Սոխումիում և Ցխինվալիում։