Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավիրական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի հատվածում 1,5 կմ երկարությամբ նոր թունել է հորատվել:
Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի տվյալներով, ակտիվորեն շարունակվում է Քվեշեթի-Կոբի 23 կմ երկարությամբ ճանապարհի և թունելների շինարարությունը։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ նախագիծը բաժանված է 2 հատվածի, որի շրջանակում կառուցվում է 2 գոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել, 1 կամուրջ՝ վերանորոգվում։
«Այս պահին նախագծի երկրորդ հատվածում 4 թունելներից ամենաերկարը՝ 1,5 կմ երկարությամբ, արդեն հորատվել է։ 3-րդ թունելը նույնպես հորատվել է, մյուսների վրա աշխատանքները ակտիվորեն ընթանում են։ Աշխատանքները շարունակվում են բոլոր հինգ կամուրջների վրա, որտեղ տեղադրվում են հենասյուներ և հենակներ։ Ծրագրի առաջին հատվածում 9 կմ երկարությամբ և 15 մետր տրամագծով 8 կմ թունելն արդեն հորատվել է»,- նշված է հաղորդագրության մեջ: