Վրաստանի կառավարությունը միանում է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավին, որն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Վրաստանի կառավարությունը նշում է, որ կանանց նկատմամբ գենդերային բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը, բռնության կանխարգելումը, ինչպես նաև զոհերի պաշտպանությունը առաջնահերթ խնդիրներից են․
«Վերջին տարիներին Վրաստանն այս ուղղությամբ զգալի հաջողությունների է հասել, ինչը պայմանավորված է համակարգված մոտեցմամբ և նպատակային քաղաքականության իրականացմամբ։
Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի վերջնական զեկույցում դրական է գնահատվում գենդերային բռնության ինստիտուցիոնալ արձագանքը և ընդգծվում է, որ պետության արձագանքը բռնության նկատմամբ արդյունավետ է և հստակ սահմանված։ Վրաստանի կառավարությունն իր գործընկերների հետ կշարունակի արդյունավետ միջոցառումներ իրականացնել գենդերային բռնության դեմ պայքարելու համար», — նշված է Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցած տեղեկության մեջ։
Նշենք, որ կանանց նկատմամբ բռնության դեմ 16-օրյա արշավն ամբողջ աշխարհում անցկացվում է 1991 թվականից՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։ Արշավի նպատակն է խթանել բռնության կանխարգելումը` բարձրացնելով հասարակության իրազեկվածությունը կանանց նկատմամբ բռնության խնդիրների վերաբերյալ: