2024-ի հունվարի 1-ից Վրաստանից կամ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պետք է մաքսային մարմնի տնօրինած դեպոզիտային հաշվին գումար վճարեն։
Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այսօրվա նիստում: Դեպոզիտային հաշվին քաղաքացին պետք է փոխանցի իր ներմուծած ավտոմեքենայի մաքսատուրքի և հարկերի չափով գումար։ Գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է:
ՀՀ պետական եկամուտների ծառայության (ՊԵԿ) հիմնավորումն այն է, որ այդ ավտոմեքենաները, օրինակ, Վրաստանում գրանցվում են ավելի ցածր վճարով, քան ԵՏՄ-ում գործող վճարման չափերն են, իսկ ՀՀ-ում ներմուծվում ու տնօրինվում են «ձևական» ժամանակավոր եղանակով։
Ներկա պահին ՀՀ տարածքում նման կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: