Ասիական զարգացման բանկի նախագահը Վրաստանում է

Ասիական զարգացման բանկի (ADB) նախագահ Մասացուգու Ասակավան առաջին աշխատանքային այցով ժամանել է Վրաստան, փոխանցում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, վրաց-հայկական «Սադախլո» մաքսակետում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն և էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն։

Ասիական զարգացման բանկի նախագահը ելույթ կունենա Թբիլիսիում կայանալիք Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության (CAREC) ֆորումում։ Նախատեսված է նրա հանդիպումը կառավարության տնտեսական թիմի անդամների հետ։

«Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավան Թբիլիսի այցի շրջանակներում իր գործընկերների հետ կծանոթանա 2024 թվականի մայիսի 2-5-ը Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան ժողովի կազմակերպչական աշխատանքներին»,- նշված է ֆիննախի հաղորդագրության մեջ: