Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վրաստանում Հայաստանի դեսպանության և Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ուզնաձե 93 հասցեում, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է Արամ Խաչատրյանը, բացվեց մեծանուն կոմպոզիտորին նվիրված եռալեզու հուշատախտակ։
Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմելաձեն, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից։
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր ելույթով ազդարարեց միջոցառման մեկնարկը՝ կարևորելով մեծ կոմպոզիտորի դերը հայ-վրացական բարեկամության գործում, հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տկղեմելաձեն։
«Այս օրը վրաց և հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամության ևս մի խորհրդանիշ է։ Արամ Խաչատրյանը մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր է, ով ծնվել է Վրաստանում, ապրել որոշ ժամանակ, և մենք հպարտանում ենք դրանով։ Նրա ստեղծագործությունները, և ընդհանուր առմամբ գործունեությունը սերտ կապված է Թբիլիսիում նրա ունեցած հիշողությունների հետ։ Իսկ այս շենքը, որտեղ տարիներ առաջ ապրել է նա, մեր քաղաքի պատմամշակութային հուշարձաններից մեկն է այսօր, որի վրա այսուհետ կլինի այս հուշատախտակը», — նշեց Տկղեմելաձեն։
Աշխատանքային այցով Թբիլիսում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում ընդգծեց միջոցառման կարևորությունը հայ-վրացական բարեկամության ամրապնդման գործում։
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի աշխատակից, պատմաբան Հարություն Խուդանյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ներկայացրեց եռալեզու հուշատախտակ տեղադրելու գաղափարի նախապատմությունը։
Շենք, որտեղ ապրել է Արամ Խաչատրյանը այսօր կրկին բնակեցված է և վրացի, և հայ բնակիչներով։ Բնակարաններից մեկը պատկանում է 99-ամյա Տալիա Չերմեկյանին, ով հիշում է մեծանուն կոմպոզիտորին։ Ասում է, որ Խաչատրյաններն իրենց հարևանությամբ են ապրել, շատ խելացի մարդիկ էին։ «Մեծանուն կոմպոզիտորն այս շենքի գլխավոր տան տերն էր»,-ասում է Խաչատրանի հարևանուհին։