Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումից հետո Վրաստանի կառավարությունը համերգ է նախատեսում, կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ըստ կառավարության ղեկավարի՝ դեկտեմբերին, երբ կհայտարարվի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի մասին որոշումը, համերգ կկայանա. համերգը կանցկացվի դեկտեմբերի 14-ին կամ 15-ին՝ որոշմանը ծանոթանալուց հետո։ Հստակ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։
«Մենք ցանկանում ենք համընդհանուր, հանրային, ազգային տոնակատարություն, հաղթանակի տոնակատարություն և համերգ անցկացնել ու միասին նշել այս պատմական հաղթանակը, որը մեր երկրի և մեր ժողովրդի, մեր կառավարության և իշխանությունների աշխատանքի արդյունքն է», — ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը նշել է՝ կառավարությունը կհաստատի ապաօլիգարխացման ծրագիրը, որը բաղկացած է մի քանի կետից. «Յուրաքանչյուր քայլի և բարեփոխման համար ունենք որոշակի տեսլական, կունենանք գործողությունների ծրագիր և իրականացման ժամկետներ»։
Ի դեպ, նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական է տալիս Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ՝ վերապահումով, որ երկիրը որոշակի բարեփոխումներ կիրականացնի։
Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո վերջնական որոշումը Եվրոպական խորհուրդը կընդունի դեկտեմբերին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։