Եվրախորհրդարանը Թամազ Գինտուրիի սպանության վերաբերյալ բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Թամազ Գինտուրիի սպանության և Լևան Դոթիաշվիլիի առևանգման վերաբերյալ։ Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 495 պատգամավոր, դեմ՝ 7-ը, դիրքորոշումը չի հայտնել 50-ը։

Եվրախորհրդարանի բանաձևը դատապարտում է Թամազ Գինտուրիի սպանությունը և Լևան Դոթիաշվիլիի անօրինական առևանգումը և կոչ անում մանրակրկիտ հետաքննել այս և այլ սպանություններ, պահանջում պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկել։

Բանաձևով Եվրախորհրդարանը հաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Այն կտրականապես դատապարտում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի շրջանի անօրինական օկուպացիան, կոչ է անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագիրը և անվերապահորեն դուրս բերել բոլոր օկուպացիոն ուժերը Վրաստանից, նաև կոչ է անում ԵՄ-ին համարժեքորեն ֆինանսավորել և մեծացնել մոնիտորինգային առաքելության կարողությունները։