Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է, հաղորդել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի` միայն ձնահոսքի թունելներով։ Թունելներում կցորդավոր, կիսակցորդավոր մեքենաների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժն իրականացվում է միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։
Ըստ դեպարտամենտի՝ առատ ձյան պատճառով ներպետական նշանակության Քութայիսի (Մոծամեթա)-Տկղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 39-62 կմ (Նաքերալա լեռնանցք) և Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհին կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է, մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: