Նախագահը քննադատում է քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատում է Վրաստանի քաղաքացիության մասին օրենքում կատարված փոփոխությունները և նշում, որ նոր օրենքը իրականում չի հեշտացնում քաղաքացիության ձեռքբերումը։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է նոյեմբերի 23-ին Օրբելիանի պալատում:

Ըստ նախագահի՝ խորհրդարանն ընդունել է «Քաղաքացիության մասին» օրգանական օրենքում նոր փոփոխություններ, որոնք իրականում որևէ փոփոխություն կամ պարզեցում չեն ներկայացնում։

«Ես սա ասում եմ նախօրոք, որովհետև, հավանաբար, շատ քարոզչություն կլինի այն մասին, որ այս փոփոխություններով շատ են պարզեցրել ընթացակարգերը, ոչինչ չի պարզեցվել։ Մեր հայրենակիցների հիմնական պահանջը՝ պարզեցնել թեստավորումը հատկապես արտերկրում ծնված երիտասարդների համար, որ ամեն ինչ շատ արագ և հեշտ լինի, վճարը նվազեցվի, քանի որ այդ մարդկանց քաղաքացիություն ենք վերադարձնում. այս ամենը հաշվի չի առնվել։ Միակ փոփոխությունը, որ հաշվի առել, այն է, որ վրացերենի թեստը կարեի է հանձնել այնքան, որքան ցանկանում եք, ամեն անգամ վճարելով: Սա է հիմնական փոփոխությունը»,- ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլիի խոսքով, Վրաստանի օկուպացված տարածքներում ծնվածներին պետք է ավտոմատ կերպով Վրաստանի քաղաքացիություն շնորհվի։ Ըստ նախագահի՝ ինքն անգամ վետո չի դրել այս փոփոխությունների վրա, քանի որ դրանք վետոյի ենթակա փոփոխություններ չեն:

Զուրաբիշվիլին քաղաքական կուսակցություններին կոչ է անում խորհրդարանում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որը կպարզեցնի Վրաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը։

 

Վրաստանը պարզեցնում է քաղաքացիություն ստանալու կարգը