Վրաստանում համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կֆինանսավորվեն ծննդաբերությունն ու կեսարյան հատումները, փոխանցում է Վրաստանի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը:
Ֆինանսավորումը ներառում է բժշկի նշանակում, ցավի բուժման վճար, դեղորայք, սնունդ, բաժանմունք և այլ ծախսեր։ Պետությունը չի ֆինանսավորի այն դեպքերը, երբ հիվանդը ցանկանա առանց բժշկական ցուցումների կեսարյան հատում անել։ Նաև, այսպես կոչված, VIP սենյակի սպասարկումը:
Փոփոխությունը DRG (DIAGNOSIS RELATED GROUP) ֆինանսավորման մոդելի ներդրման արդյունք է։ Համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված բոլոր բուժհաստատություններում DRG մոդելի հիման վրա ծննդաբերության և կեսարյան հատման ծառայությունների սակագները սահմանվել են 1 222 լարի:
Հարկ է նշել, որ DRG մոդելով ծննդաբերության և կեսարյան հատման ծախսերը հավասարեցվել են, մինչ այժմ կեսարյան հատումն ավելի թանկ էր։ Առողջապահության նախարարության տվյալներով, դրա պատճառը կեսարյան հատման բարձր ցուցանիշն է։ Ըստ նախարարության՝ հավասարեցումը կնվազեցնի բուժանձնակազմի մոտ կեսարյան հատում կատարելու մոտիվացիան։