«Թբիլիսիի միկրոավտոբուսներ» կազմակերպության հայտարարության համաձայն` Թբիլիսիում որոշ ուղղություններով միկրոավտոբուսներով երթևեկելու սակագինն աճելու է: Վաղվանից կարճ ուղղությունների համար նախկին 40-ի փոխարեն ուղևորը կվճարի 50 թեթրի, իսկ 80 թեթրի սակագինը չի փոխվի:
Կազմակերպության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ինչպես գիտեք, մենք մասնավոր ընկերություն ենք, որը 2011 թվականից մայրաքաղաքի մասշտաբով, ինտենսիվ պարբերականությամբ իրականացնում է մարդկանց տեղափոխում: Կազմակերպությունն ունի մոտ 2000 միկրոավտոբուս, մոտ 3 հազար վարորդ է աշխատում: Ընդհանուր առմամբ, «Թբիլիսիի միկրոավտոբուսներ» կազմակերպությունում աշխատում է մոտ 4 հազար մարդ:
Կազմակերպությունում ինտենսիվ կերպով տեղի է ունենում նաև ավտոտրանսպորտի թարմացում` վերանորոգվում կամ գնվում են նոր միկրոավտոբուսներ: Բացի այդ, կազմակերպությունը հաշվի է առնում նաև վարորդների շահերը և, չնայած նրան, որ վարորդի և կազմակերպության միջև ստորագրված պայմանագրի համաձայն, տրանսպորտային միջոցի խնամքը վարորդի պարտականությունն է, միկրոավտոբուսների տեխնիկական սպասարկումն իրականացնում է կազմակերպությունը, ինչը կապված է մեծ ծախսերի հետ: «Թբիլիսիի միկրոավտոբուսներ»-ը տեխնիկական սպասարկման համար տարեկան հարյուր հազարավոր լարի է ծախսում:
«Թբիլիսիի միկրոավտոբուսներ»-ը 2011 թվականին հաստատել է սակագնային քաղաքականություն, չնայած նրան, որ 2011 թվականից ի վեր ազգային տարադրամը ծանր անկում է ապրել, կազմակերպությունը 6 տարի շարունակ տրանսպորտի սակագինը փոփոխության չի ենթարկել:
«Թբիլիսիի միկրոավտոբուսներ»-ը մշտապես հաշվի է առնում ուղևորների շահերը, հետևաբար, ուղևորափոխադրումների պայմանները բարելավելու նպատակով կշարունակի նորացնել ավտոպարկը և կազմակերպության 4 000 աշխատակիցների իրավունքները պաշտպանելու համար որոշել է հիմնական` 80 թեթրի արժողությամբ սակագինը թողնել անփոփոխ: Սակայն կարճ հեռավորության ուղեվարձը 40 թեթրիից հասցնել 50 թեթրիի, որը կգործի մարտի 8-ից: «Թբիլիսիի միկրոավտոբուսներ» կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում համագործակցության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Լուսանկարը` «Թբիլիսիի միկրոավտոբուսներ»-ի պաշտոնական էջից