Ատլանտյան խորհրդի թվային հետազոտական լաբորատորիան (DFRLab) մի քանի հարթակներում գործող ցանց է հայտնաբերել, որոնք Facebook-ի վրացի օգտատերերի համար առողջությանն առնչվող անվստահելի և ապակողմնորոշող (clickbait) տեղեկություն են տարածել:
Ցանցը բաղկացած է 71 կայքից, 29 ֆեյսբուքյան էջից, 19 խմբից և 52 օգտահաշվից։ DFRLab-ը կապվել է զբոսաշրջային ընկերություն Avia.ge-ի հետ, որը հաճախորդներին առաջարկում է տուրեր և ինքնաթիռի տոմսեր: Հետազոտության համաձայն, ընկերությունը փորձել է գրավել սպառողներին՝ տարածելով առողջության հետ կապված ապատեղեկատվություն։ Մասնավորապես, սոցցանցի օգտատերերը տեսել են Avia.ge-ի գովազդը՝ խայծային հոդվածների հղումներով։ Հոդվածները պարունակում էին ոչ գիտական առողջապահական տեղեկատվություն, ներառյալ այլընտրանքային բուժումները, որոնք կարող են սպառողների համար վտանգ ներկայացնել:
Տուրիստական ընկերությունը կարծես լեգիտիմ է և վրացական շուկայում գործում է 2018 թվականից։ Վրաստանի հանրային ռեգիստրի քաղվածքի համաձայն, Շոթա Թելիաշվիլին ընկերության բաժնետոմսերի տնօրենն ու միակ սեփականատերն է։ Հենց այս անձին են առնչվում նշված ցանցը և այս ցանցի հետ կապված կայքերը:
DFRLab-ը բացահայտել է այս ցանցում ներգրավված 29 ֆեյսբուքյան էջ: Դրանց մեծ մասը ստեղծվել է 2016-2022 թվականներին։ Էջերն ընդհանուր առմամբ ունեցել են 2,1 միլիոն հետևորդ և 1,5 միլիոն հավանում։ Օգտագործելով CrowdTangle-ը, մետամոնիթորինգի հարթակը, DFRLab-ը պարզել է, որ հրապարակումների 68 տոկոսը ներառում է հղումներ դեպի կայքեր, որոնք մեկ ավելի լայն ցանցի մաս են կազմում: Իսկ գրառումների 28 տոկոսը պարունակում է տեսանյութեր, որոնք մոնտաժվել են տարբեր ժամանցային հեռուստահաղորդումներից կամ սերիալներից և փոխանցվել որպես օրիգինալ բովանդակություն։ Այս տեսանյութերն, իրենց հերթին, միաժամանակ տարածվել են տարբեր սոցէջերում։