«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ։
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ազգային թատրոնում ներկայացվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրայի կողմից բեմադրված անտիկ Հունաստանի դրամատուրգ, ողբերգության հայր համարվող Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ներկայացման երկրորդ դրվագի առաջնախաղը։
Պրեմիերային ներկա էր Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին։
Էսքիլեսը Պրոմեթեւսի մասին գրել է երեք պիես, թեեւ մեր ժամանակներին է հասել միայն մեկը՝ «Պրոմեթեւսը շղթայված»։ Էսքիլեսի այս պիեսում Պրոմեթեւսը պայքարում է մարդկության փրկության համար։ Զեւսը պատժում է Պրոմեթեւսին, թեեւ նա շարունակում էր հերոսական պայքարը, չէր հնազանդվում եւ հաղթահարում էր բոլոր արգելքները։ Պիեսի երկրորդ դրվագում ներկայացված է օվկիանոսների աստվածության եւ Պրոմեթեւսի հանդիպումը։ «Պրոմեթեւսը շղթայվածը» ողբերգություն է։ Հանդիսատեսը Ռուսթավելու թատրոնում արդեն դիտել է ներկայացման առաջին դրվագը, որը աշխարհահռչակ ռեժիսորը բեմադրել էր Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հենց այդ ներկայացմամբ էլ բացվեց Ռուսթավելու թատրոնի 145-րդ թատերաշրջանը։
Վրաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին շնորհավորեց վրաց հանրահայտ ռեժիսորին ու Ռուսթավելու թատերախմբին՝ եւս մի հաջող առաջնախաղի կապակցությամբ եւ նրանց մաղթեց ստեղծագործական արգասաբեր գործունեություն։