Գերմանիայի Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է Վրաստանին ու Մոլդովային ընդգրկել անվտանգ երկրների ցանկում։ Սա նշանակում է, որ Գերմանիան շատ ավելի հեշտ կհրաժարվի ապաստան տալ Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներին և, հետևաբար, կկարողանա ավելի արագ արտաքսել նրանց։
Radiotavisupleba.ge-ն հղվելով գերմանական DW հեռուստաընկերության վրա՝ նշում է, որ Բունդեսթագը որոշում է կայացրել նոյեմբերի 16-ին կայացած նիստում։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը ողջունել է Բունդեսթագի որոշումը և նշել, որ դա կարևոր քայլ է անօրինական միգրացիան զսպելու ճանապարհին։ Ֆեսերի խոսքով, Գերմանիայում ապաստանի մերժված դիմումների ավելի քան 10 տոկոսը Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներ են: Ըստ նրա՝ Վրաստանն ու Մոլդովան անվտանգ հռչակելու հիմքն այն է, որ, որպես կանոն, այդ երկրներից ոչ մեկում քաղաքական հետապնդման վտանգ չկա։