Այսօր՝ նոյեմբերի 16-ին, նշվում է Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնությամբ 1996 թվականին ստեղծված Հանդուրժողականության միջազգային օրը։ Վրաստանում ևս տոնի կապակցությամբ իրականացվում են միջոցառումներ։ Թբիլիսիիում այդ տոնը նշեցին Վրաստանի հանրային պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակը և Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիան ու USAID-ը։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող Կրոնական կազմակերպությունների խորհրդի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին։
«էթնիկ փոքրամասնությունները պետք է հնարավորություն ունենան իրենց տոները նշելու այնպես՝ ինչպես ճիշտ են համարում, այսինքն՝ ունենան հանգստի օր այդ տոներին», — նշեց հանրային պաշտպանը։
Իոսելիանին նաև խոսեց Վրաստանի եվրաինտեգրման ուղղությամբ իրականացրած քայլերի մասին, նշեց այդ ճանապարհին երկրի ունեցած առաջընթացը, սակայն, օմբուդսմենի գնահատմամբ` էթնիկ փոքրամասնությունների մի մասը դեմ է Վրաստանի եվրաինտեգրմանը։
Իոսելիանին ընդգծեց նաև աղոթատեղիների վիճահարույց լինելու հարցը։ Վերոհիշյալի մասին ելույթ ունեցավ նաև Բեքա Մինդիաշվիլին` ներկայացնելով հայկական «վիճահարույց» տաճարների խնդիրը, այդ թվում՝ Սուրբ Մինաս, Սուրբ Աստվածածին, Սուրբ Խորակերտ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների։
«Էթնիկ փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական մակարդակում ևս մարտահրավեր է, պետք է որ աճի և լինի բովանդակային», — նշեց Մինդիաշվիլին։