Վրաց-թուրքական «Սարփի»-ի մաքսակետում Թուրքիայից բերված 34 հազար 800 կիլոգրամ մանդարինը հետ է ուղարկվել: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ «Սարփի»-ի մաքսակետում կանգնեցվել է Թուրքիայից եկող մանդարիններով բեռնված երկու մեքենա։
Ըստ տվյալների՝ մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի լիազորված անձանց կողմից սննդամթերքի անվտանգության սահմանային հսկողության ընթացակարգերի իրականացման արդյունքում 34 հազար 800 կիլոգրամ մանդարինի խմբաքանակում թունաքիմիկատների պարունակությունը գերազանցել է Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի նորմը։
«Վրաստանի կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N153 որոշման համաձայն՝ նշված ապրանքները ենթակա են վերադարձման արտահանող երկիր»,- ասված է տեղեկատվության մեջ։