Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ըստ Վրաստանի կառավարության հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Վարչապետն ասել է, որ Վրաստանը դեկտեմբերին սպասում է թեկնածուի կարգավիճակին, որը կորոշի Վրաստանի եվրոպական ապագան:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մակրոնին եվրաինտեգրման ճանապարհին ցուցաբերած աջակցության համար և ընդգծել Ֆրանսիայի՝ որպես Եվրամիության առաջատար երկրի քաղաքական և գործնական աջակցության կարևորությունը և հույս հայտնել, որ այն ավելի կամրապնդվի։ Ղարիբաշվիլին Մակրոնին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և Վրաստանի եվրոպական ապագային ցուցաբերած ամուր աջակցության համար և նրան հրավիրել է Վրաստան։
Վարչապետը X-ի իր միկրոբլոգում արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը. «Հաճելի էր հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մենք երախտապարտ ենք Վրաստանի եվրոպականացման ճանապարհին նախագահի կողմից ցուցաբերած աջակցության համար, և կարծում ենք, որ Ֆրանսիան էլ ավելի կամրապնդի մեր քաղաքական և գործնական աջակցությունը, ինչը կօգնի մեզ հաջողությամբ անցնել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհի հաջորդ փուլերը»:
Աշխատանքային այցի շրջանակներում Ղարիբաշվիլին կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին։ Խաղաղության ֆորումը կանցկացվի նոյեմբերի 10-ին և 11-ին։ Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսվող ֆորումի մասնակիցների թվում են բիզնեսի և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչներ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և այլք:
Ի դեպ, Զուրաբիշվիլին ևս մեկնել է Ֆրանսիա: Վրաստանի կառավարությունը պնդում է, որ Զուրաբիշվիլին այցի հարցով կառավարությանը չի դիմել։ Նախագահի վարչակազմը հաստատել է տեղեկությունը, որ նախագահը այցի համար կառավարության հավանությունը չի խնդրել։