Ուսուցիչների ձեռք բերած կարգավիճակին (ավագ, առաջատար, մենթոր- խմբ.) ոչ մի վտանգ չի սպառնում, Վրաստանի Առաջին ալիքի «Գադածկղվետիլեբա» («Որոշում») հաղորդաշարի ընթացքում ասել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Բերիկա Շուկակիձեն:
Շուկակիձեն նշել է, որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ մի քանի տարբերակ է քննարկվում, իսկ վերջնական տարբերակը և որոշումը դեկտեմբերին կհրապարակի Վրաստանի կրթության և գիտության նախարարը:
«Ուսուցչի աշխատավարձը ցածր էր, իսկ կարգավիճակի հավելավճարը՝ բարձր, և դա հանգեցրեց նրան, որ ավելի շատ շեշտը դրվեց կարգավիճակի վրա: Աշխատանքներ են տարվում մի քանի տարբերակի վրա, և նախարարը որոշումը կհրապարակի դեկտեմբերին։ Մի բան եմ ուզում հավաստիացնել` ոչինչ այնքան կտրուկ չի փոխվի, որ ինչ-որ մեկին ցավ պատճառի»,- ասել է Շուկակիձեն:
Ըստ Շուկակիձեի՝ պետական կառույցներում ոչ մի մասնագիտության տեր անձի աշխատավարձ այնքան չի բարձրացել, ինչպես 2024-ին կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը:
Ի դեպ, երբ հայտնի դարձավ, որ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է, սկսեցին տեղեկություններ շրջել այն մասին, թե ուսուցիչների կարգավիճակի (ավագ, առաջատար, մենթոր) համակարգը այլև չի գործելու: Սակայն, ըստ Շուկակիձեի պնդման, այդ համակարգը կշարունակի գործել: